ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների՝ նախապես ծրագրված հանդիպումը չեղյալ է հայտարարվել միջոցառումների ժամանակացույցների անհամապատասխանության պատճառով։
«Կարծում եմ, որ ժամանակացույցը խոչընդոտեց նախարարների մակարդակով այս հանդիպումը: Բայց այդ երկրների նախարարներից շատերը միմյանց կհանդիպեն այլ ձեւաչափերով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Լրագրողների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի՞ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հարցին ի պատասխան պաշտոնյան ասել է, թե սպասվում է, որ պետքարտուղարը եւ արտգործնախարարը հնարավորություն կունենան շաբաթվա ընթացքում ինչ-որ պահի կարծիքներ փոխանակելու:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ հանդիպման չեղարկման պատճառը կարող է լինել Ավստրալիայի՝ Ֆրանսիայից սուզանավեր ձեռք բերելուց հրաժարվելու հետ կապված դիվանագիտական ճգնաժամը։
Համակարգված մոտեցում ցուցաբերելու կոչ
Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ-ից այսօր առավոտյան հայտնել են, որ նախարար Լիզ Թրասը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորություն արտգործնախարարների ավանդական հանդիպմանը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել միասնական համակարգված մոտեցում ցուցաբերելու Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում:
«Եթե չենք ցանկանում, որ Աֆղանստանը դառնա համապարփակ ահաբեկչության հանգրվան, ուրեմն միջազգային հանրակցությունը՝ ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, թալիբների հետ փոխգործակցության հարցում միասնականորեն պետք է գործեն»,- ընդգծված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն նաեւ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում Անվտանգության խորհրդի դերի հարցը Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում, Եթովպիայում եւ այլուր շարունակվող համապարփակ հակամարտությունների եւ ճգնաժամերի համատեքստում։