Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների միջեւ տարբեր մակարդակներով քննարկումներ են ընթանում ռուսական խաղաղապահների մանդատի, վերջիններիս առաքելության, ինչպես նաեւ «Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ»։
ՀՀ Կառավարությունից ընդգծել են, որ ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարեւոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության եւ կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի Կառավարության 2021-2022 թվականների ծրագրում:
Կառավարությունից շեշտել են նաեւ, որ ադրբեջանական կողմն իր գործողություններով փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, ինչի մասին են վկայում ադրբեջանական կողմի գործողությունները:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա։
Բաքվից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։