Արդյունավետ հասարակությունը ոչ միայն գիտելիքներով զինված հանրությունն է, այլ նաեւ իմաստությամբ զինվածը։ Պատերազմից հետո շատ էր խոսվում այն բանի մասին, որ մենք պարտություն կրեցինք ժամանակավրեպ տեխնիկայի, բնական գիտությունների նկատմամբ մեր ցուցաբերած անփութության պատճառով։ Այնինչ այս պարտության հիմքում մեր պատմագիտության, փիլիսոփայության, քաղաքական մտքի անկումն էր։ Այս համատեքստում չափազանց մեծ է գիտնականի դերը, որը երբեք չպիտի կորցներ իր ակադեմիական ազնվությունն ու իրողությունների նկատմամբ ճշմարիտ հայացքը։ Հումանիտար գիտության ներկայացուցիչները պետք է փորձեին հասարակությանը էմոցիոնալ դաշտից մղել դեպի մտածողության ռացիոնալ դաշտ։