1347 թվականին արդեն տասը տարի էր, ինչ ընթանում էր Հարյուրամյա պատերազմը։ Անգլիան գրավել էր Ֆրանսիայի տարածքի մեծ մասը: Պաշարված Կալե քաղաքը չէր հանձնվում։ Ամիսներ շարունակ դիմադրում էր։ Հիվանդություններին ու տարածվող սովին զուգահեռ մարում էր դրսից օգնություն ստանալու հույսը։ Վերջը, պարզ էր, մոտենում է։
Անգլիայի թագավոր Էդուարդ Երրորդը հրապարակում է իր պայմանը՝ եթե քաղաքի երեւելի տղամարդկանցից վեցը, ոտաբոբիկ, ներքնաշապիկներով ու առանց գլխարկի, պարանոցներին կախաղանի պարան հագցրած, իրեն կմատուցեն քաղաքի դարպասի բանալին ու հոժարակամ կընդունեն իրենց մահը, ապա քաղաքը չի ավերվի, եւ քաղաքի բնակիչներից ոչ ոք չի սպանվի։
Հրապարակում հավաքվածները հուսահատ են։ Դժվար լուծելի խնդիր է։ Ո՞ր երեւելին կհամաձայնի զոհվել հանուն հասարակ քաղաքացիների։ Որպես կանոն եւ բոլոր ժամանակներում հակառակն է լինում։ Անսպասելի առաջ է շարժվում տարեց ազնվականներից մեկը, նրա օրինակին են հետեւում եւս հինգը, որոնցից երկուսը՝ եղբայրներ։
Անգլիայի թագուհին համոզում է ամուսնուն՝ Էդուարդին, հանուն իրենց դեռեւս չծնված երեխայի չսպանել այս վեցին։ Պատմությունը, սակայն, անսպասելի վերջաբանի մասին չէ։ Պատմությունը այս վեցի պատրաստակամության մասին է՝ տալ սեփական կյանքը հանուն իրենց քաղաքի լինելիության։
Մոտ 550 տարի անց՝ 1884-ին, Կալեի քաղաքապետարանն այս դեպքը խորհրդանշող քանդակ է պատվիրում Ռոդենին։ Այն պետք է առաջինը քայլ արած տարեց ազնվականին պատկերող արձանի տեսքով լիներ։ Ռոդենը, սակայն, այլ մոտեցում է ցուցաբերում։ 1895-ին բացվում է «Կալեի քաղաքացիները» արձանախումբը, որտեղ բոլոր վեցն են՝ խիստ մարդկային ապրումներով ու առանց ավելորդ հերոսականության։ Պատվանդանի վրա չեն նրանք։ Մարդկանց հավասար ու մարդկանց մեջ են։ Շարունակում են լինել իրենց հարազատ քաղաքում։
Այդպես էլ մենք։ Երբ եւ ինչ իրավիճակում էլ եղել ենք, որ կայսրության կազմում էլ հանգամանքների բերումով հայտնվել ենք, միշտ ունեցել ենք հանուն մեր լինելիության իրենց կյանքը զոհելու պատրաստ զավակներ։ Բոլոր ժամանակներում։ Եվ ոչ պակաս հպարտ, քան Կալեի այս վեց քաղաքացիները։
Սա է, երեւի, այն հիմնական պատճառը, որ մենք, ի հեճուկս բոլոր փորձությունների ու փորձանքների, կանք։ Մեզ հետ ճանապարհ սկսած ժողովուրդներից շատերը չկան, իսկ մենք կանք։ Քայլել ենք մենք հազարամյակներ։ Կայսրությունների քայքայումներին զուգահեռ կերտել ենք մեր անկախ պետությունը, փորձել ենք կայացնել ու ամրապնդել։
Եթե ցանկանում ես, որ քո քաղաքը, քո երկիրն ապրի, զոհողությունների է պետք գնալ։ Պետք է ջանք թափել։ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանն ամեն օր խնամում էր իր մոլորակը։ Մենք, այս իմաստով, չենք զլացել։ Մենք էլ ենք խնամել։ Մեր ժողովրդի լավագույն զավակները դար առ դար, տարի առ տարի տվել են իրենց միտքը, իրենց քրտինքը, իրենց արյունը, որ լինի մեր երկիրը։
Ոմանք այսօրվա մեր անկախությունը, որ 30 տարեկան է, Խորհրդային կայսրության քայքայման արդյունք են համարում, ոմանք այն սկսում են Ղարաբաղյան շարժումից, ոմանք՝ 1960-ականներից։ Իրականում, սակայն, մեր անկախությունը գալիս է դարերի խորքից։ Անկախության համար մեր պայքարը երբեք չի ընդհատվել։ Ժամանակ է եղել՝ այն թափ է ստացել, եղել է՝ թուլացել է, բայց չի մարել երբեք։
Երկարատեւ ընդմիջումից հետո՝ 1918-ին, այն նյութականացավ, 1920-ի աշնանից 70 տարով ընդհատվեց, 1960-1980-ականներին՝ թվով քիչ, բայց վառ անհատականությունների շնորհիվ նոր ձեւակերպում ու նոր լիցք ստացավ, 1989-ից՝ Ղարաբաղյան շարժման առիթով, դարձավ ընդհանուր պահանջ, որն էլ 1991-ի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական «Այո»-ով վավերացվեց։
Թվում էր՝ ունենք արդեն մի երկիր, որը, գուցե, լիովին չի բավարարում մեր պահանջները, մեր երազածը չէ, բայց մերն է, մեր պայքարի արդյունքն է։ Նոր սերունդը կգա, իր նորը կբերի, կլավացնի, կդարձնի այնպիսին, ինչպիսին պետք է լինի։ Բայց, ցավոք, 1990-ականներին սկսած մեր հպարտ ընթացքը 2000-ականների շեմին դանդաղեց, ապա՝ բեկվեց։ Մեր լինելիության, անկախության մեր երազանքի հետ կապ չունեցող մարդիկ հայտնվեցին իշխանության ղեկին։
Ապականեցին նրանք մեր ընթացքը։ Իսկ այսօր, գլխավորապես մեր անպատասխանատու իշխանավորի մեղքով, խոցված է մեր երկիրն ու վիրավոր։ Բայց, ինչ էլ որ լինի, կա այն՝ 30 տարի սրանից առաջ կայացած հանրաքվեի արդյունքում հռչակված Անկախ Հանրապետությունը, եւ մե՛ր ու միայն մե՛ր գործն է ամրապնդել նրա հիմքերը եւ սերունդներին փոխանցել։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։