Գործող իշխանությունները լայնածավալ բարեփոխումներ են սկսել հանրակրթության ոլորտում։ Դրանք աշակերտներին որակյալ կրթություն, իսկ պետությանն ու հանրությանը զարգացող գիտություն եւ տնտեսություն են խոստանում:
Անցած տարի հրապարակվեցին հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց համաձայն, օրինակ, աշակերտներին գնահատական դրվելու է միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից հետո, ինչպես զարգացած կրթություն, գիտություն եւ տնտեսություն ունեցող երկրներում է:
Ասում են՝ աշակերտների ստացած գիտելիքն ու դրանք կիրառելու հմտությունները չպետք է սահմանափակել թվանշաններով, խրախուսման այլ մեթոդ պետք է ներդնել: Առարկաների դասավանդման ժամերի կամ ծրագրերի ընտրության հարցում մեծ ազատություն է տրվելու ուսուցիչներին եւ աշակերտներին:
Ասում են նաեւ, որ դպրոցը ոչ միայն գիտելիք պետք է տա, այլեւ ինքնուրույն մարդ ձեւավորի, որ 18 տարին լրացած չափահասը դպրոցը պետք է ավարտի որպես հասուն մարդ եւ պատրաստ լինի կյանքի դժվարություններին եւ այդպես շարունակ:
Այս տարի արդեն մեկնարկել է նոր չափորոշիչներով ուսուցիչների վերապատրաստումը, որին մասնակցում են 47 կազմակերպություններ:
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը նույնպես մասնակցում է այդ գործընթացին եւ համաձայն է իշխանությունների այն կարծիքին, թե որակյալ կրթությունն է լինելու գիտության ու տնտեսության զարգացման հիմքը: Բայց բարեփոխման ընթացքից եւ որակից այնքան էլ գոհ չէ, եւ հանրության ուշադրությունը հրավիրում է հենց ուսուցիչների վերապատրաստման ծրագրի վրա:
«Զումով 250 ուսուցիչ են միանում, մի ժամ խոսում են, ասում են՝ վերապատրաստումը եղավ: Բայց պետք է գնաս, ժամերով, գործնական աշխատանքով, հետները դաս տալով` վերապատրաստես: Ես գնացել եմ Գյումրի, Վանաձոր, գնալու եմ Արմավիր: Ուսուցիչները բողոքում են, թե դուք մեզ տանջում եք, ստիպում եք շատ բան անել, իսկ մյուս կազմակերպությունները զումով կես ժամ բացատրում, ավարտում են: Երբ քո երկիրը թույլ է տալիս, որ ուսուցիչների վերապատրաստումը կես ժամ լինի, անորակ կրթության մոդել է պատրաստում»,- ասում է նա:
«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, որը մինչ այս բարեփոխումներն էլ հեղինակային մանկավարժություն, հեղինակային ծրագրեր էր առաջարկում դպրոցականներին, նույնպես մասնակցում է այս բարեփոխումների ծրագրին՝ ե՛ւ վերապատրաստվում են, ե՛ւ վերապատրաստում:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, սակայն, համաձայն չէ այն տեսակետին, որ առցանց վերապատրաստումը կարող է որակյալ չլինել: Ասում է՝ վերապատրաստման համար օգտագործում են թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական շփումների հնարավորությունները: «Մենք մինչեւ վերջ հարմարեցնում ենք վերապատրաստումը՝ խմբով, անհատական, եւ առցանց տարբերակները: Մեր վերապատրաստող ուսուցիչները մեծ սիրով են դա անում: Օգտագործվում են լաբորատորիաները, արհեստանոցները, արվեստանոցները: Բայց այն, ինչ հնարավոր է անել առցանց եղանակով, ինչո՞ւ չանել: Ուսուցչին կտրես-բերես իր գյուղից, դպրոցից: Հետո դա ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործածության զարգացման համար լրացուցիչ հնարավորություն է»,- հավելում է Բլեյանը:
Այնուամենայնիվ, իշխանությունները կհաջողե՞ն այս բարեփոխումները: Կամ կհասնե՞ն որակյալ կրթություն, այնուհետեւ զարգացող գիտություն եւ տնտեսություն, ինչպես նաեւ կրթված, ազատ եւ անկախ անհատ ունենալու իրենց երազանքին:
Անցած տարի 44-օրյա պատերազմից մեկուկես ամիս առաջ կառավարության նիստում անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշիչներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դա ուժեղ պետություն ունենալու ռազմավարություն է: «Եվ որեւէ այլ բան մեզ չի շեղելու Հայաստանի ազգային ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենականության հայեցակարգը կյանքի կոչելուց»,- հայտարարեց նա:
Ուրեմն կարո՞ղ է արդյոք բարեփոխումների այս ծրագիրը հաջողել եւ երկարաժամկետ կտրվածքով գիտության ու տնտեսության զարգացման հիմք դառնալ:
«Միանգամից կրկնել եվրոպական մոդելը ճիշտ չեմ համարում: Նույն կերպ տարիներ առաջ հետեւեցինք Բոլոնիայի պայմանագրի պահանջներին եւ անցանք 11 տարվա հանրակրթության, բայց ավագ դպրոցները մեզ մոտ այսօր թերի դպրոցներ են, աշակերտներն այնտեղ երկու տարի կորցնում են: Եվրոպայում դա արդարացրեց իրեն, քանի որ երիտասարդները գործազրկության խնդիրներ ունեին: Կրթական համակագը երկարացնելով` լուծեցին: Նույն կերպ ունենք մագիստրատուրա, որտեղ մոտ 30 տոկոս գիտելիք են տալիս, 70-ը՝ կրկնում բակալավրիատի ծրագրերից»,- ասում է «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա հիշատակում է զարգացած տնտեսություն ունեցող եվրոպական եւ այլ երկրները, շեշտում, որ նախ նրանք ունեն լավ կրթական համակարգ: Եվ տնտեսության ու գիտության զարգացման համար շատ է կարեւորում հատկապես օտար լեզուների իմացությունը. «Շվեյցարիան ունի չորս պետական լեզու, Շվեդիան հինգ լեզու է ուսուցանում դպրոցներում, Չինաստանն անգլերեն ավելի խորացված է սովորեցնում, այլ երկրներից անգլերենի մասնագետների է հրավիրում: Նույնը Հայաստանը պետք է անի: Գրականություն, տերմինաբանություն, գիտաժողովներ կան, որոնցից պետք է մեր երիտասարդներն օգտվեն: Նույն Շվեյցարիան կամ Դանիան ունեն հզոր տնտեսություն, քանի որ վերջին մի քանի տասնամյակում նրանց կրթական բարեփոխումները շատ հզոր են եղել եւ ուղղված են եղել շատ որակյալ, շատ ճշգրիտ աշխատանք կատարելու ունակությամբ աշխատուժի ստեղծմանը»:
Ինչ վերաբերում է կրթության ու տնտեսության կապին կամ մեր իշխանությունների՝ զարգացած կրթություն եւ տնտեսություն ունենալու ցանկություններին, ԲՈԿ-ի նախկին նախագահն ահազանգում է, ընդամենը 10 տարի հետո մեր երկիրը բնագիտության ուսուցիչների խիստ կարիք է ունենալու. «Մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցիչների 50 տոկոսը թոշակի է գնալու, եւ մեր երկիրը չունի նրանց փոխարինողներ: Մենք ի՞նչն ենք բարեփոխում կամ զարգացնում, եթե չենք ունենալու ուսուցիչ: Նախ այս մասին է պետք մտածել»:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։