ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Ներկայացուցիչների պալատի 16 անդամների ներկայացրած օրինագիծը պահանջում է նաեւ զեկույց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ արգելված զինատեսակներ կիրառելը՝ ապօրինի զինամթերքի եւ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ:
Օրինագծով պահանջվում է նաեւ հետաքննություն անցկացնել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։
Նախագիծը ներկայացրել են Ադամ Շիֆը, Թոնի Քարդենասը եւ Բրեդ Շերմանը, դրան աջակցել են մի շարք այլ կոնգրեսականներ։
Այս կարեւոր փաստաթղթի ընդունումը հնարավոր է դարձել նաեւ ԱՄՆ-ում գործող Center for Truth and Justice կազմակերպության ջանքերի շնորհիվ, որոնք պատերազմից ի վեր մինչ օրս փաստահավաք հսկայական աշխատանք են իրականացրել, իրավական տարբեր գործընթացներ նախաձեռնել ու միջազգային բազմաթիվ հարթակներում բարձրաձայնել պատերազմական հանցագործությունների մասին։