«Ալիք Մեդիա»-ն Հռոմից տեղեկացավ, որ Լեւոնյան հոգեւոր վարժարանում երեկ երեկոյան սկսած եպիսկոպոսական սինոդի ժամանակ այսօր Հայ կաթողիկե եկեղեցու 21-րդ պատրիարք է ընտրվել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը` ստանալով Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան անունը:
Ինչպես տեղեկացրել էինք, Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսները հավաքվել էին Հռոմում՝ կրկին եկեղեցու պատրիարք ընտրելու համար: Հունիսի 22-ին Լիբանանում գումարված ընտրական սինոդը չի կարողացել պատրիարք ընտրել, քանի որ ոչ ոք չի հավաքել ձայների 2/3-ը, որն անհրաժեշտ էր ընտրության համար:
Հռոմում ընտրական առաջին նիստը նախագահում էր Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին: Մեր տեղեկություններով ընտրական սինոդին մասնակցել է հայ 14 կաթոլիկ եպիսկոպոսներից 12-ը: Ծանր հիվանդության պատճառով Հռոմ չի ժամանել Արհ. Մանվել եպիսկոպոս Բաթաքյանը (Լիբանան), իսկ Բրազիլիայից Վարդան եպիսկոպոս Պողոսյանը չի կարողացել ներկա լինել համաճարակային սահմանափակումների պատճառով: Ըստ կաթողիկե եկեղեցու կանոնակարգի՝ բոլոր եպիսկոպոսները պատրիարքի թեկնածու էին:
Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը ծնվել է 1946 թվականին:
1958 թվականին մտել է Զմմառի Պատրիարքական Միաբանություն ընծայարան, որտեղ ստացել է դպրոցական բարձրագույն կրթություն: 1966-ին ուղարկվել է Հռոմի քահանայապետական Լեւոնյան հայ վարժարան եւ սովորել քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության եւ աստվածաբանության վկայականներ: Ուսումը շարունակել է Հռոմի Սալեզյան համալսարանում` մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ:
1973-ի հունիսի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
Մինչեւ 1980 թվականը ստանձնել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցու հովվությունը: 1978-ին նշանակվել է Լիբանանի Հայ կաթողիկե եկեղեցական ատյանի քարտուղար, ապա՝ եկեղեցական դատավոր՝ մինչեւ 1989 թվականը:
1980-1984 թվականներին ծիսագիտություն է դասավանդել Բեյրութի Քասլիք Սուրբ Հոգի համալսարանում:
1983–1986-ին եղել է Զալքայի (Լիբանան) Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ: Նրա շնորհիվ կառուցվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցին:
1986-1988-ին եղել է պատրիարքական քարտուղար:
1988-1990-ին դարձյալ անվանվել է Զալքայի Սուրբ Խաչ եկեղեցու ժողովրդապետ` միաժամանակ վարելով նորակառույց պատրիարքական վարժարանի տնօրենի պաշտոնը:
1990-2006-ին անվանվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի ժողովրդապետ:
Նա գլխավոր հիմնադիր անդամներից մեկն է նաեւ «Armenian Alliance» բարեգործական հիմնադրամի, որի հովանավորությամբ իրականանում են մարդասիրական եւ բարեգործական բազմաթիվ ծրագրեր Հայաստանում: Գլենդելում Հայր Ռաֆայել Մինասյանը ձեռնարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու կառուցումը, որի օծումը տեղի է ունեցել 2001 թվականին՝ ի հիշատակ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի:
2005-ի սեպտեմբերին Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը Հայր Ռաֆայել վրդ. Մինասյանին անվանել է պատրիարքական Փոխանորդ Երուսաղեմի եւ Ամմանի Փոխանորդության:
2005-ին Իտալիայում հիմնել է «Տելէ Փաչէ Արմենիա» հեռուստակայանը:
2009-ին Երուսաղեմի Հայ կաթողիկե համալիրում գտնվող Քրիստոսի Խաչի ճանապարհի 4-րդ կայանի մեջ հաստատել է Սուրբ Հաղորդության մնայուն երկրպագությունը, որի շարունակականությունն ապահովում են Սուրբ Պողոսի Միաբանության քույրերը:
2011-ի հունիսի 24-ին Հռոմի Բենեդիկտոս ԺԶ Սրբազան քահանայապետի հատուկ պապական կոնդակով Հ. Ռաֆայել Մինասյանն արժանացել է եպիսկոպոսական կարգի, որպես նորանշանակ Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Կապադովկյան Կեսարիո Հայոց եւ Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց:
Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 16-ին Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Սուրբ Եղիա Աթոռանիստ եկեղեցում ձեռամբ Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի, ներկայությամբ Վատիկանի Արեւելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի:
2011 թվականի օգոստոսի 7-ին Շիրակի մարզի Արեւիկ գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայր Ռաֆայել Արքեպս. Մինասյանի գահակալության արարողությունը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։