Երեկ լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման սարք է ձեռք բերել՝ վտանգավոր հակառակորդներին հետեւելու եւ վնասազերծելու համար։
Լուրը միանգամից ֆեյք չորակելով՝ ասեմ, որ նման ծախս անելու անհրաժեշտություն ամենեւին չկա։
Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը, չնայած հունիսի 20-ին ստացած շուրջ 688 հազար ձայներին, ընդհանուր առմամբ բացասական է, եւ դա բացահայտ է։
Ի՞նչը պիտի գաղտնալսեն, որ չեն կարդում Ֆեյսբուքում։ Ի՞նչ պետք է իմանան, որ անկարելի է լսել շարքային վարորդից, խանութպանից, արհեստավորից, գյուղացուց։
«Մեկը չկա, որ սրան վերացնի» փափագն ամենուր եւ միշտ է հնչում։ Ուրիշ բան, որ այդ իղձն արտաբերողը կարծում է, թե «մեկ»-ն ուրիշն է լինելու եւ ոչ ինքը։ Ու պարզ է, որ այդ «մեկ»-ը չկա ու չի լինելու։
Հավանական թեկնածուներն էլ (գոնե պատվիրատուների) բազմած են խորհրդարանի աթոռներին եւ անձեռնմխելիություն են վայելում՝ կարծելով, թե նոմինալ (անվանական) ընդդիմություն լինելն ազատում է պատասխանատվությունից։
Այս դեպքում գաղտնալսման թիրախ կարող են լինել ադրբեջանական, թուրքական, ինչու ոչ նաեւ ռուսական գաղտնի ծառայությունների մարդիկ՝ Հայաստանում իրավիճակը կտրուկ փոխելու հանձնարարականով։
Բայց մի՞թե մեր հարեւաններն ու միակ դաշնակիցը նման նպատակ հետապնդում են։
Իհա՛րկե ոչ։
Շատ հետ չգնամ, միայն սեպտեմբերի 21-ի ցուցքը դիտելով եւ Փաշինյանի ելույթի սղագրության թարգմանությունը կարդալով՝ նրանք կարող են հանգիստ շունչ քաշել. Հայաստանի ղեկի մոտ մի ուժ է, որն իշխանություն պահելուց բացի այլ խնդիր չունի։ Ասմունքը՝ չհաշված։
Եվ ուրեմն այդ իշխանությանը պետք է փայփայել՝ նրա անվնասության եւ անվտանգության համար անդադար աղոթելով։
Մեր հարեւանների եւ միակ դաշնակցի վերլուծական կենտրոններում հասկանում են, որ Փաշինյանին վերացնելը ճանապարհ չի բացելու ընդարմացած ընդդիմության համար։ Քաղաքական այդ ուժերը ստացել են առավելագույնը։ Մյուս կողմից՝ նրանց համար երկուսն էլ նույնն են, եւ գումարելիների տեղերը փոխելով՝ չարժի գնալ կտրուկ քայլերի։
Մեր հարեւանների եւ միակ դաշնակցի վերլուծական կենտրոններում վախենում են, որ չաքուճային էյֆորիայից սթափվելով՝ ժողովուրդը կարող է ճիշտ ընտրություն կատարել ու, մեկ էլ տեսար, երկրի ղեկավարումը հանձնարարել իրատես եւ գործունակ մարդկանց։
Գաղտնալսման սարքը, եթե լուրը ճիշտ է, մանկամիտ կառավարությանը ծառայելու է որպես «մուկ ու կատու» խաղալու գործիք։
Գաղտնալսումների հավաստի տվյալներով անցանկալի մի քանիսին ժամանակավոր ցավ կպատճառեն, մի քանիսին կարճատեւ կփակեն, մի քանիսին կունեզրկեն, իսկ միջին վիճակագրական դժգոհը կշարունակի բարձրաձայնել իր անհեռանկար իղձը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։