Սեպտեմբերի 15-ից «Արեւիք» ազգային պարկի (ԱՊ) տարածքը հրդեհվում է: Նույն օրը սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որոնցում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ արագ արձագանքման խումբը, մասնաճյուղերի աշխատակիցները, զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցներ ու կամավոր քաղաքացիներ։
Սակայն հրդեհը լիովին մարել մինչ այսօր չի հաջողվում: Այն շատ ուժգին է տարածվում: Պատճառը տարածքում գերակշռող գիհի ծառատեսակն է, որը դյուրավառ է, եթերայուղեր է պարունակում եւ արագ է բռնկվում: Տարածքում առկա են նաեւ չորացած թփեր, կաղնու եւ թխկու չորացած ծառեր: Հրդեհի տարածմանը նպաստում են նաեւ տեղանքի չորային, սակավաջուր լինելը եւ ուժեղ քամիները:
Ըստ պատկան մարմինների՝ ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա եւ լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավել։
Parstoday կայքը տեղեկացնում է, որ բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են նաեւ իրանցի հրշեջներ: Մեղրիի մաքսատունը դիմել է Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի մասքատանն՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով: Արձագանքելով հայկական կողմի խնդրանքին՝ նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես հրդեհի վայր է գործուղել մարտական հաշվարկ:
Տարածքը Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերից է: «Արեւիք» ԱՊ-ն ներառված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ:
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Սեպտեմբերի 20-ին ներգրավվել է նաեւ ուղղաթիռ:
Սեպտեմբերի 20-ի արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում, այրվել է մոտ 423 հեկտար տարածք: Նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը հայտնեց, որ սեպտեմբերի 23-ի ժամը 15:00-ի դրությամբ առկա են ծխացող օջախներ:
Այրվել են առավելապես գիհու արժեքավոր նոսրանտառներ: Սա 2017 թվականին Խոսրովի անտառ պետական արգելոցում եւ Արտավանում տեղի ունեցած հրդեհներից հետո առաջին լուրջ փորձությունը կարելի է համարել, որը խոսում է ոլորտում առկա բացերի ու խնդիրների մասին:
Որոշ մասնագետներ հրդեհը կապում են տարածքում անցկացված զորավարժությունների հետ:
Էկոտուրիզմի փորձագետ, քարտեզագրական տեխնոլոգիաներով հետաքրքրված Վահագն Վարդումյանը, որոշ չափով ծանոթ լինելով տեղանքին, հաշվի առնելով հրդեհի օջախի տեղադիրքն` ըստ հրապարակված թարմ լուսանկարի, աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) հնարավորությունների կիրառմամբ սեփական հեռահար հետազոտությունն է իրականացրել: Անտառոտ հատվածների չընդհատվող մասերի արբանյակային պատկերի համադրմամբ նա ուրվագծել է հրդեհի հնարավոր տարածման արեալը ու ենթադրում է, որ եթե եւս մեկ-երկու օր նույն ուժգնությամբ հրդեհը շարունակվի, կարող է այրվել մինչեւ 1200 հեկտար տարածք, գուցե ավելի:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։