ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Նուր-Սուլթանում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազները:
Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է եռակողմ ձեւաչափի արդյունավետությունը եւ զեկուցել կողմերի ՝ Լեռնային Ղարաբաղում օրենքի գերակայության ամրապնդման եւ մարդկանց կյանքը կայունացնելու ուղղությամբ կատարված աշխատանքի նշանակալի արդյունքների մասին:
Ըստ Կրասնովի՝ հիմնական խնդիրը եղել է ամբողջ տարածաշրջանի բնակչության շրջանում լարվածության աճի կանխումը:
ՌԴ գլխավոր դատախազը հորդորել է ավելի ինտենսիվ օգտագործել ԼՂ-ում տեղակայված ռուս զինվորական դատախազներին դիմելու հնարավորությունը՝ որպես տեղեկատվության փոխանակման միջոց, նաեւ խախտումների մասին տեղեկություն փոխանցելու, ինչպես նաեւ քաղաքացիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար։
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներին կառուցողական փոխգործակցության եւ ընդհանուր արդյունքի՝ խաղաղության եւ կայունության ձեռքբերման վրա կենտրոնանալու համար: Կողմերը արձանագրել են անհայտ կորածների որոնողական աշխատանքների ոլորտում փոխգործակցության դրական դինամիկան: Կողմերը պայմանավորվել են շարունակել որոնողական աշխատանքները:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարությունների կատարման ընթացքը եւ հետագա իրավական համագործակցության հեռանկարները:
Ադրբեջանի եւ Հայաստանի գլխավոր դատախազները շնորհակալություն են հայտնել ռուս գործընկերոջը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար ասպեկտներն իրագործելու համար:
Կողմերը վերահաստատել են հետագա լարվածության կանխման նպատակով շփումներն ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը։