ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՌԴ դեսպանն ընդգծել է ռուսական կողմի՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը։
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հարցերին:
Փոխվարչապետն ու դեսպանն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ երկաթուղու կարողությունների թարմացմամբ սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար նոր հնարավորությունների բացման հեռանկարը:
Կողմերը քննարկել են նաեւ արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում։ Նրանք անդրադարձել են «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման եւ արդիականացման այժմյան աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին:
Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ եւ արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձեւաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Քննարկվել է նաեւ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարեւոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման եւ ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից: