Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ աշխատանքն այնքան էլ հաջող չի համարել:
Էրդողանը ԱՄՆ այցի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ընդգծել է, թե ցանկանում է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը՝ որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ, լինեն բարեկամներ, ոչ թե հակառակորդներ, բայց ներկա իրավիճակն այնքան էլ լավ չէ:
«19 տարի վարչապետի եւ նախագահի պաշտոնում իմ փորձից կարող եմ ասել, որ, ցավոք, այժմ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավ պահ չէ: Ես լավ եմ աշխատել Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ ենք սկսել Բայդենի հետ»,- ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ շեշտել է Էրդողանը:
Ակնկալիքներ Պուտինի հետ հանդիպումից
Էրդողանը հայտարարել է, որ կարեւոր որոշումներ է ակնկալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ի Սոչիի բանակցություններից: Նա ընդգծել է, որ առանձնազրույցի ժամանակ Պուտինի հետ մտադիր է քննարկել սիրիական Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, որտեղ այժմ տեղակայված է թուրքական զորակազմը: Դամասկոսը Անկարայից պահանջել է զորքն անհապաղ դուրս բերել սիրիական տարածքից:
Սիրիայի կառավարության կարծիքով թուրքական զորքը Իդլիբի լարվածության թուլացման համար վերջին խոչընդոտն է, քանի որ փաստացի աջակցում է Իդլիբի ապստամբներին: Սիրիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ թուրքերին բռնազավթիչ է անվանել եւ միջազգային հանրությանը հորդորել աջակցելու Դամասկոսին նրանց դեմ պայքարում։