Սեպտեմբերի 23-25-ը Երեւանում կանցկացվեն իրանական ժամանակակից կինոյի օրեր։ Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանում Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ։ Երեւանյան կինոցացուցադրումները նվիրված են Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Ֆիլմերի ցուցադրության ժամկետի ընտրությունը պայմանավորված է Իրանում նշվող «Սրբազան պաշտպանության» շաբաթվա հետ։ Այս օրերին Իրանում ամենատարբեր միջոցառումներով ոգեկոչում են Իրան-իրաքյան պատերազմում նահատակված իրանցիների հիշատակը, «սրբազան պաշտպանություն» անունը ստացած ութամյա պայքարի նահատակների սխրանքը։
Իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկեց իրանցի ռեժիսոր Էբրահիմ Հաթամիքիայի «Թիկնապահը» կինոնկարով։ Ցուցադրությանը ներկա էին Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Սեեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչներ Մելիք Կարապետյանը, Աննա Բախշյանը, իրանագետներ, իրանահայեր եւ Հայաստանում ապրող կամ Հայաստան այցելած իրանցիներ, իրանական կինեմատոգրաֆի սիրահարներ։
Բացման խոսքում Իրանի դեսպանը շեշտեց հայ-իրանական դարավոր բարեկամության, մշակութային ընդհանրությունների եւ հարուստ մշակութային ժառանգության փաստերը, կարեւորեց համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Դեսպան Զոհուրիի խոսքում գերակշռում էին խաղաղության արժեւորման եւ հակապատերազմական շեշտադրումները։ Նա պատմական անդրադարձ կատարեց Իրան-իրաքյան պարտադրված պատերազմին, Իրանի զավակների սխրանքներին այդ պատերազմում, դատապարտեց պատերազմն առհասարակ՝ որպես մարդկության ամենից դաժան ու տգեղ երեւույթ, ու հայաստանացիներիս մաղթեց, որ էլ երբեւէ ստիպված չլինենք անցնել պատերազմ արհավիրքի միջով։
Էբրահիմ Հաթամիքիայի «Թիկնապահը» ֆիլմը նույնպես զերծ չէր պատերազմական նրբերանգներից։ Ռեժիսորն, առհասարակ, հայտնի է պատերազմի մասին իր վավերագրական ու խաղարկային ֆիլմերով։ Որպես Իրան-իրաքյան պատերազմի մասնակից՝ նա իր ռեժիսորական կարիերան սկսել է ականատեսի վավերագրական կարճամետրաժներով, այնուհետեւ թեմային անդրադարձել նաեւ լիամետրաժ խաղարկային ֆիլմերով։
Նրա ֆիլմերի մեծ երկրպագու էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ում իր խոսքում հիշատակեց Իրանի դեսպանը ու շեշտեց նրա դերակատարությունը ահաբեկիչների դեմ պայքարում։
Հաթամիքիան իր ֆիլմերում անդրադարձել է ահաբեկիչների դեմ պայքարին Սիրիայում եւ տարածաշրջանի այլ հատվածներում, իսկ «Թիկնապահը» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը մեծապես ազդված է գեներալի կերպարից։
«Թիկնապահի» իրադարձությունները 2010-ական թվականների Իրանում են տեղի ունենում․ պատերազմն ավարտված է վաղուց, բայց նրա նոր դրսեւորումներն ու հատկապես ահաբեկչական պատերազմը հանգիստ չեն տալիս ո՛չ քաղաքական գործիչներին, ո՛չ գիտնականներին, ո՛չ էլ հետեւաբար նրանց պաշտպանությամբ զբաղված ֆիլմի գլխավոր հերոսին՝ Հեյդարին, որին մարմնավորում է Իրանի ժամանակակից հայտնի դերասաններից մեկը՝ Փարվիզ Փարասթուին։
Ահաբեկչության, պետական պաշտոնյաների ու պետության համար կարեւոր մարդկանց պաշտպանության գլխավոր թեմաների շուրջ ֆիլմն աստիճանաբար բացում է այնպիսի ենթաթեմաներ, ինչպես հավատարմությունն արժեքներին, հայրենասիրությունը՝ որպես բարձրագույն արժեք, սկզբունքայնությունը՝ որպես փիլիսոփայություն, հանուն արժեքների անձնազոհությունը՝ որպես գիտակցված ընտրություն։
Ֆիլմի դերասանների պրոֆեսիոնալ խաղը, ուղեկցող համահունչ երաժշտությունը (կոմպոզիտոր Հոմայունֆարի տաղանդավոր մասնակցության շնորհիվ), մարդկային ապրումների բնական զարգացումը կլանված էին պահում հանդիսատեսին, ստիպում ապրումակցել հերոսներին ու նրանց անձնազոհությանը։
Հաջորդ օրերին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն նաեւ Մունիր Ղեյդիի «Վիլլայի բնակիչները» եւ Նիքի Քարիմիի «Գիշերային հերթափոխ» ֆիլմերը, որ նույնպես պատերազմական թեմաներով են։ Ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրոնում, մուտքն ազատ է։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։