ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 16 անդամների ներկայացրած զեկույցում թվարկված են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ ներառյալ արգելված զինատեսակների կիրառումը՝ ապօրինի զինամթերքի եւ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ: Զեկույցով պահանջվում է նաեւ հետաքննություն անցկացնել 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զեկույցի 13-րդ հատվածում՝ Ադրբեջանի մասին զեկույցում, նշվել են Կոնգրեսի բացահայտումները, ինչպես նաեւ շարադրվել է Կոնգրեսի կարծիքը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ապօրինի կալանավորելու վերաբերյալ
ա) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի եւ օտարերկրյա զինված խմբերի աջակցությամբ ռազմական ոտնձգություն կատարեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը հայտնի է նաեւ «Արցախ» անունով։ Արդյունքում զոհվել են հազարավոր մարդիկ եւ տասնյակ հազարավոր էթնիկ հայ բնակիչներ են տարհանվել:
բ) 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրեցին եռակողմ արձանագրություն՝ հակամարտությանը վերջ դնելու նպատակով:
գ) Նոյեմբերի արձանագրությունը ստորագրելիս բոլոր կողմերը համաձայնեցին, որ իրականացվելու է «ռազմագերիների, պատանդների եւ այլ կալանավորների, ինչպես նաեւ զոհվածների աճյունների փոխանակում»:
դ) Ժնեւի երրորդ կոնվենցիան, որը ստորագրել է նաեւ Ադրբեջանը, եւ համապատասխան միջազգային օրենքը պահանջում են ազատ արձակել ռազմագերիներին եւ գերի ընկած քաղաքացիական անձանց՝ թշնամանքին վերջ դնելու նպատակով, եւ պահանջում է, որ բոլոր կալանավորներին ցուցաբերեն մարդասիրական վերաբերմունք:
ե) Չնայած Ժնեւյան կոնվենցիաների եւ նոյեմբերի 9-ին ստորագրած արձանագրության շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության ավարտից տեւական ժամանակ անց էլ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների եւ 15 կալանավորված անձանց՝ ոչ իրավաչափ կարգավիճակ տալով նրանց, փորձում է արդարացնել նրանց գերության մեջ պահելը:
զ) Human Rights Watch-ը 2020 թվականի դեկտեմբերին հաղորդել է, որ Ադրբեջանի ռազմական ուժերը վատ են վերաբերվում հայազգի ռազմագերիների հետ՝ նրանց ենթարկելով «ֆիզիկական բռնության եւ արժանապատվության ստորացման»:
է) Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը հրապարակել է զեկույց հակամարտության մասին, ըստ որի՝ «փաստագրված են, որ Ադրբեջանի զինված ուժերը եւ Թուրքիայի կողմից հովանավորվող իսլամիստական մարտիկները իրականացրել են հանցագործություններ մարդկության դեմ եւ այլ վայրագություններ հայերի հանդեպ», այդ թվում՝ 3 գլխատում, մահապատիժների իրականացում եւ աճյունների պղծում:
ը) Չկան վստահելի տեղեկություններ ռազմագերիների եւ կալանավորված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հանդեպ վերաբերմունքի մասին։ Զգալի մտահոգություն կա, որ հատկապես կին կալանավորները կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների եւ այլ ստորացուցիչ վերաբերմունքի։
թ) Ադրբեջանի կողմից ռազմագերիների եւ կալանավորված քաղաքացիական անձանց շարունակվող կալանքը լուրջ հարցականի տակ է դնում մարդու իրավունքների հանդեպ Ադրբեջանի հավատարմությունը, որը ձախողում է անաչառ, տեւական խաղաղ կարգավորման բանակցությունների հնարավորությունը:
ժ) Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի արձանագրության եւ միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ վերադարձնելով Ադրբեջանի ռազմագերիներին:
ի) Միացյալ Նահանգները, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ համատեղ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի համանախագահն է:
Կոնգրեսի կարծիքով
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ եւ առանց նախապայմանների վերադարձել բոլոր հայ ռազմագերիներին եւ կալանավորված քաղաքացիական անձանց:
Բայդենի վարչակազմը բոլոր մակարդակներում կապ պետք է հաստատի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, որպեսզի նրանց հստակ ցույց տա նոյեմբերի 9-ի արձանագրությամբ եւ միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու կարեւորությունը, եւ որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:
Սույն օրենքի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 180 օր հետո պաշտպանության նախարարը, խորհրդակցելով Պետքարտուղարի հետ, Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին պետք է ներկայացնի զեկույց հետեւյալ կետերի վերաբերյալ.
1) ԱՄՆ արտադրության պահեստամասերն ու տեխնոլոգիաները, որոնք հայտնաբերվել են թուրքական Bayraktar անօդաչու սարքերում, Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ ներառյալ սպառազինությունների արտահանման վերահսկման օրենքի կամ այլ կիրառելի օրենքների խախտման, պատժամիջոցների քաղաքականության կամ նման մասերի եւ տեխնոլոգիաների հայտնաբերման հետ կապված Միացյալ Նահանգների օրենքի այլ դրույթների հնարավոր խախտումների գնահատումը:
2) Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում կիրառված սպիտակ ֆոսֆորային, կասետային ռումբերի եւ արգելված զինամթերքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, այդ թվում՝ նման զինատեսակների կիրառման հետ կապված ԱՄՆ-ի կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտման գնահատական:
3) Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկչական զինյալների հավաքագրումը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ընդդեմ զինյալների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ վերապատրաստման ամերիկյան օրենքի, Միջազգային կոնվենցիայի կամ այլ միջազգային կամ բազմակողմ պայմանագրերի որեւէ հնարավոր խախտումների գնահատում:
Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի արտաքին գործերի ու զինված ուժերի հանձնաժողովների կարծիքը
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ եւ առանց նախապայմանների վերադարձել բոլոր հայ ռազմագերիներին եւ կալանավորված քաղաքացիական անձանց:
Բայդենի վարչակազմը բոլոր մակարդակներում կապ պետք է հաստատի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, որպեսզի հստակ ցույց տա Ադրբեջանին նոյեմբերի 9-ի արձանագրությամբ եւ միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու եւ բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու կարեւորությունը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը