Ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին։
Կողմերը կարեւորել են 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, քննարկել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն առնչվող հարցեր:
Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջեւ արդյունավետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ հետագա համատեղ ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:
Որոշվել է շարունակել ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների եւ այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։