Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանի նախկին դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտալի Յանկոն վերջին տասնամյակներում աշխատանքին զուգահեռ զբաղվել է հայությանը նվիրված մատենագիտական նյութերի եւ աղբյուրների հավաքչությամբ, որի արդյունքում հրատարակել է «Armenica» գիրքը: Մատենագիտական հարուստ տվյալներ պարունակող աշխատությունն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացնում է Հայաստանին եւ հայությանը վերաբերող այնպիսի օտարալեզու գրքեր, որոնք չկան այլ մատենագիտական ցանկերում: Միաժամանակ առաջին անգամ մեկ գրքում հավաքվել են ինչպես նորահայտ աղբյուրները, այնպես էլ նախկինում հայտնի գրքեր: «Armenica»-ն պարունակում է 1935 արեւմտյան, եվրոպական, ասիական եւ այլ ոչ հայկական աղբյուր, որոնք տվյալներ են հաղորդում 16-րդ դարից մինչեւ 2015 թվականները լույս տեսած օտարալեզու գրքերի մասին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հայությանը:
«Armenica»-ն ուշագրավ է նաեւ որպես արեւմտյան աշխարհում կատարված առաջին ուսումնասիրություն: Մինչեւ հիմա մեզ հայտնի մատենագիտական ցանկերը կա՛մ հայերեն, կա՛մ ռուսերեն էին: Առաջին անգամ մեկ գրքում ամփոփված են հայությանը նվիրված օտարալեզու գրքերի լատինատառ ցանկերը, որոնց մեծ մասը հեղինակը ներկայացրել է ծանոթագրությամբ»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեցին գիտությունների ազգային ակադեմիայի գիտական գրադարանի (որ օրերս հեղինակից նվեր ստացավ «Armenica»-ն) մատենագետները: Վիտալի Յանկոն նշում է, որ որոշ ծանոթագրություններում ստիպված է եղել հերքել օտար գրքերում հայությանն առնչվող ոչ հավաստի տվյալներ՝ մատնանշելով դրանց ստույգ պատմական աղբյուրը:
Գիրքը տպագրվել է ընդամենը 50 օրինակով, այն նվիրվելու է հայագիտական խոշոր կենտրոններին Հայաստանում եւ արտասահմանում:
«Ալիք Մեդիա»-ն առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա Վիտալի Յանկոյի գործունեությանը, որի հետ հանդիպել է Երեւանում:
Ազգությամբ ուկրաինացի Վիտալի Յանկոն ծնվել է Բաքվում: Խորհրդային տարիներին ստացել է մագիստրոսի եւ դոկտորի աստիճան՝ ճարտարագիտության ոլորտում: Ամուսնացել է հայուհու հետ, 1971-1991 թվականներին ապրել է Հայաստանում, հետաքրքրվել հայոց պատմությամբ եւ հոգեբանություն դասավանդել ուսումնարաններից մեկում: 1992-ին հրավիրվել է դասախոսելու Բրաունի համալսարանի մարդկային զարգացման ուսումնասիրության կենտրոնում: 2001 թվականին Յանկոն եւ նրա կինը՝ մասնագիտությամբ հոգեբան Անահիտ Ազարյանը, մեկնում են Նյու Յորք եւ հոգեբանական աջակցություն տրամադրում մարդկանց՝ օգտագործելով Սպիտակի երկրաշարժի ժամանակ ձեռք բերված փորձն ու գիտելիքները:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։