ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ նախկին (2001-2004) դեսպան Ջոն Օրդվեյին եւ Humanitarian Dialogue միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը։
Պաշտպանը նշել է, որ ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցերը պետք է դիտարկվեն նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղվեն, չսահմանափակեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:
Թաթոյանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետեւանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքներից, որի հետեւանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլեւ անվտանգային լուրջ խնդիրներ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, օրինակ՝ Սեւ լճում, անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաեւ արձակում են կրակոցներ:
Նա ընդգծել է, որ մարդկանց մեծ մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերին մերձ անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլեւ Գեղարքունիքի մարզում: Ավելին՝ մի շարք գյուղեր զրկված են ջրից:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլև կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։