Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի եւ բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ:
Զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու ուղիները։ Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։
Մանրամասն անդրադարձ է արվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Նյու Յորքում Իրանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ տնտեսական, էներգետիկ, առեւտրային, գյուղատնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության՝ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային ներկա իրավիճակը։
Իրանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրելու գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացման համար։ «Նա նաեւ ընդգծել է, որ երկու երկրները չպետք է երրորդ երկրներին թույլ տան խառնվել Ադրբեջանի եւ Իրանի խաղաղ հարաբերություններին»,- ասված է Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունում։