Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Երեւանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման մեջ:
Ըստ Հաագայի դատարանի մամուլի ծառայության՝ դիմումում ասված է, թե «Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է կատարել եւ շարունակում է իրականացնել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային եւ էթնիկ ծագման հիման վրա»:
«Անդրադառնալով 2020 թվականի աշնանը բռնկված մարտական գործողություններին՝ Ադրբեջանը պնդում է, թե «Հայաստանը մեկ անգամ եւս թիրախավորել է ադրբեջանցիներին ազգային ատելության վրա հիմնված դաժան վերաբերմունքով»»,- ասված է դատարանի հաղորդագրությունում։
Դիմումը պարունակում է նաեւ Հայաստանի դեմ նախնական միջոցներ կիրառելու պահանջ մինչեւ տվյալ հայցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Ավելի վաղ Հայաստանն է Ադրբեջանի դեմ հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում` ըստ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի: