Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջեւ»:
Ալիեւը պնդել է, թե տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը սպասարկող ոլորտներից մեկը: Նա կրկին արծարծել է «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ պնդելով, թե այն «Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ» ու նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:
«Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ բոլորը պետք է դա հաշվի առնեն»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը։
Արժանապատիվ խաղաղությունը բաց թողնելու գինը կամ վատի ու վատթարագույնի ընտրության պարտադրանք
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնված սահմանազատման եւ սահմանագծման, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Նման համաձայնությունը կարող է մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության եւ համագործակցության տարածաշրջան: Այնուամենայնիվ, մենք դեռեւս չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին»,- ասել է Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
Պարտությունն ընդունելու «հրավեր»
Իր ելույթի բավականին ծավալուն հատվածը Ադրբեջանի նախագահը հատկացրել է Հայաստանին ուղղված մեղադրանքներին։
Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին եւ կազմակերպության քարտուղարությանը հորդորել է չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ պնդելով, թե «Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը եւ պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլեւս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր»:
Նա հավելել է, թե Ադրբեջանի իշխանությունները փաստաթղթեր, համառոտ տեղեկություններ եւ լուսանկարներ են փոխանցել ՄԱԿ-ում բոլոր պետությունների ներկայացուցչություններին, որոնք «արտացոլում են Ղարաբաղի քաղաքների եւ գյուղերի վիճակը»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախատեսված է այսօր ուշ երեկոյան։