Ռուսաստանյան Regnum-ն ընդարձակ մեջբերումներ է արել Նյու Յորքում «Թուրքական տուն» երկնաքերի բացման առթիվ թուրքական սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումներից: Ընդհանուր պատկերն այն է, որ դա «ցուցադրական միջոցառում է, որը ոչ մի ազդեցություն չի ունենա շարքային թուրքերի կյանքի վրա»: Որոշ օգտատերեր ծաղրել են Էրդողանի ցուցամոլությունը եւ կասկածամտությունը՝ նշելով, որ նա պետական միջոցներից միայն կես միլիոն դոլար է ծախսել, որպեսզի ԱՄՆ հասցնի ծառայողական զրահապատ լիմուզինը եւ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կիրառի:
«Թուրքական տուն» երկնաքերը բացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի նստավայրին ուղիղ դեմ դիմաց: Ըստ մտահղացման՝ այն պետք է լինի թուրքական էթնիկ ինքնության ցուցանմուշ: Նախաձեռնության քաղաքական ենթատեքստը պարզ է. Միավորված ազգերի կազմակերպության նստավայրում կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրն իր «տարածքն ունի», եւ բնականաբար, մեծ է լինելու «Թուրքական տան» նկատմամբ հետաքրքրությունը: ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիայի նախագահը խոսել է վերափոխումների անհրաժեշտությունից: Թուրքիան հետեւողականորեն ձգտում է լինելու «նոր աշխարհակարգի ճարտարապետներից» մեկը:
Haber7 թուրքական կայքը, մինչդեռ, բոլորովին այլ պատկեր է ներկայացնում: Վերլուծականը հիմնականում նվիրված է ռուս-թուրքական հարաբերություններին: Ուշագրավ է, որ Պուտին-Էրդողան՝ արդեն իսկ պաշտոնապես կանոնսավորված բանակցությունների մասին թուրքական լրատվամիջոցն ասում է, որ տեղի կունենա «ընթացիկ ամսվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հոկտեմբերի սկզբին»: Ավելի վաղ թուրքական կողմը նշում էր հանդիպման «ստույգ» օր եւ վայր՝ սեպտեմբերի 29-ին Սոչիում:
Ռուսական լրատվամիջոցները Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման վարկածը արագ հերքեցին՝ շեշտելով, որ ՌԴ նախագահը թուրք պաշտոնակցին կընդունի Մոսկվայում: Արարողակարգային այս նրբերանգը խոսում է ռուս-թուրքական հարաբերություններում սառնության մասին: Սոչին ՌԴ նախագահի ավելի մտերմիկ հանդիպումների նստավայրն է: Կրեմլում ընդունելությունը խիստ պաշտոնական է: Եվ եթե նաեւ ռուս-թուրքական գագաթնաժողովի ստույգ ժամկետ էլ համաձայնեցված չէ, ուրեմն խնդիրն ավելի խորքային է:
Թուրքիային խիստ անհանգստացրել է Սիրիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը, որ Սիրիայից պետք է հեռանան բոլոր զորքերը, որոնք այնտեղ են առանց ՄԱԿ-ի մանդատի եւ երկրի օրինական իշխանությունների հրավերի: Haber7-ն ակնարկում է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը «Սիրիայի հարցում որոշակի համաձայնությունների են եկել»: Ինչի՞ մասին է խոսքը՝ միայն կարելի է ենթադրել. ամենայն հավանականությամբ Ռուսաստանը երաշխավորել է, որ Սիրիայում կսկսվի ներքաղաքական հաշտության գործընթաց:
Սա ասելիս նկատի է առնվում Սիրիայում նոր սահմանադրության ընդունումը եւ այդ հիմքով ընտրությունների անցկացումը, որի արդյունքները կճանաչվեն միջազգային հանրության կողմից: Ճիշտ է, ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պնդում են, որ Սիրիայի գործող նախագահը դրանց չպետք է մասնակցի, բայց այս փուլում հիմնականը նոր սահմանադրության ընդունումն է: Թուրքիան տագնապ ունի, որ Սիրիայի նոր սահմանադրությունը քրդաբնակ շրջաններին ինքնավարություն կշնորհի, ինչպես դա տեղի է ունեցել Իրաքում:
Այս իսկ պատճառով Թուրքիան առանցքային է համարում Իդլիբի նկատմամբ վերահսկողությունը: Վերջին շրջանում տեղեկություններ են ստացվում, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը պարբերաբար ռմբակոծում են Իդլիբի գոտում թուրքամետ զինված խմբավորումների դիրքերը: Reuters գործակալության տվյալներով՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում Թուրքիան «լրացուցիչ զորախմբեր է ուղարկել Սիրիայի հյուսիս»: Haber7-ը, կարծես հակադարձելով, գրում է, որ օրերս ՌԴ ԱԳՆ-ում փոխնախարարի մակարդակով ընդունել են Քրդական բանվորական կուսակցության սիրիական թեւի ներկայացուցիչներին: Նախկինում Թուրքիան պարբերաբար նման մեղադրանքներ հնչեցնում էր Միացյալ Նահանգների հասցեին:
Թուրքական լրատվամիջոցը ռուս-թուրքական հարաբերությունների «ցավոտ կետ» է անվանում նաեւ Հարավային Կովկասը՝ կարեւորելով Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունը: «Независимая газета»-ն այս առթիվ ընդարձակ վերլուծություն է հրապարակել՝ հիմք ընդունելով մի քանի ռուս ռազմական վերլուծաբանների անհանգստությունը: Նրանք բաց տեքստով տարակուսանք են հայտնում, թե Ռուսաստանն ինչու որեւէ կերպ չի արձագանքում հատկապես Կասպից ավազանի ադրբեջանական հատվածում թուրք-ադրբեջանա-պակիստանյան համատեղ զորավարժություններին:
Այս համատեքստում շատ մեծ կարեւորություն պետք է տալ Նյու Յորքում Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը եւ տեղեկությանը, որ մոտ ապագայում Թեհրանում կգումարվի Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդաժողով: Իրան-Ադրբեջան ենթադրյալ հակասությունների մասին հայկական փորձագիտական որոշ շրջանակների տարածած «կանխատեսումների» համապատկերում պաշտոնական այս տեղեկությունը խիստ զգուշացնող է: Մանավանդ որ մի շարք ազդակներ վկայում են, որ Ռուսաստան-Իրան նոր երկխոսություն այդպես էլ չի սկսվում:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։