ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատմանը։
Նա ընդգծել է, որ ՀՀ-ն առաջարկում է իրականացնել ռազմագերիների, պատանդների, այլ պահվող բոլոր անձանց վերադարձ, ինչպես նաեւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով եւ հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը:
Դա են փաստում նաեւ համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր եւ ասպարեզ բացել շատ հարցերի պատասխանները գտնելու համար:
ՌԴ խաղաղապահ ուժերը անվտանգության ապահովման երաշխիք
Ելույթի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներին եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու մասին:
«2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տեւած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին:
Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության եւ կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով եւ բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։
Այս գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում եւս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։
Այսօր որեւէ հայ չի ապրում եւ գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Փաշինյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն ստորագրվելուց հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր, որոնք այսօր այնտեղ կայունության եւ անվտանգության ապահովման երաշխիքն են:
Հայ ռազմագերիների վերադարձի հարցի շուրջ
Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրի դրույթներից մեկին` խաղաղ զարգացման դարաշրջան բացելուն, որին, ըստ նրա, կարելի է հասնել «երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով։ Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին եւ երկարատեւ է լինելու»:
Նա ընդգծել է, որ այսօր էլ տեղի են ունենում իրադարձություններ, «որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»:
Փաշինյանը շեշտել է, թե աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։
Ըստ Փաշինյանի` խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, մինչեւ օրս գերության մեջ պահելով ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիների, նրանցից շատերին էլ շինծու մեղադրանքներով դատապարտելով ազատազրկման:
Նա նաեւ ընդգծել է, որ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, թեեւ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ:
«Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,- ասել է նա:
Սահմանագծման ու սահմանազատման հարցը
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցը եւս արծարծվել է կառավարության ղեկավարի ելույթում: Նրա համոզմամբ` այդ գործընթացը հիմա դժվար է նույնիսկ պատկերացնել. գրեթե ամենօրյա պարբերականությամբ սահմանին հնչում են կրակոցներ, եւ տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ:
«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ասել է նա։
Փաշինյանը հիշեցրել է ամիսներ առաջ արած իր առաջարկը` նշված հատվածի երկայնքով տեղակայել միջազգային դիտորդներ, իսկ միջազգային հովանու ներքո մեկնարկել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ: «Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի»,- եզրափակել է Փաշինյանը:
Տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման շուրջ
Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացմանը, ինչը եւս եռակողմ հայտարարության կետերից է: Ըստ Փաշինյանի` այս խնդրի լուծումը հնարավորություն կստեղծի տնտեսական կապերի ձեւավորման համար, ինչը, ինչպես նշել է, խաղաղ զարգացման կարեւոր նախապայմաններից է:
«Տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:
Եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա»,- հայտարարել է նա: