ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Համանախագահները Միրզոյանի եւ Բայրամովի հետ ունեցել են նաեւ առանձին հանդիպումներ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) եւ Իգոր Խովաեւը (Ռուսաստան) հայտարարություն են տարածել հանդիպման մասին:
Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված հարցերի լայն շրջանակ: Միջնորդներն առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ միջոցառումներ եւ հնարավոր հետագա քայլեր:
ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ համանախագահներն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի ձեռնարկած գործողությունների ամբողջ շարքին։
Միջնորդները ողջունում են արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020-ի նոյեմբերից ի վեր՝ այն գնահատելով որպես տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը եւ բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատել են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ գտնելու նպատակով կողմերի հետ աշխատանքը իրենց տրված մանդատով շարունակելու հանձնառությունը:
Միջնորդները հայտնում են նաեւ, որ սեպտեմբերի 24-ին հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական եւ խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ՝ նրանց ներկայացնելով անցած մեկ տարվա ընթացքում իրենց գործադրած ջանքերը, դրանց թվում՝ գործընթացում ամենավերջին զարգացումները:
Հայկական կողմը հանդիպումների մասին առայժմ չի հաղորդել, իսկ ադրբեջանական կողմը կարճ հաղորդագրությամբ նշել է, որ Բայրամովը հակառակ կողմին է փոխանցել հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը:
Թարմացում.
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւԱդրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
«Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը արտահայել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։
Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու իրենց մանդատի համաձայն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և հակամարտության արդյունքում առաջացած առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար»,- նշված է հաղորդագրությունում։