ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
«Կարեւորելով Ցեղասպանության կանխարգելման եւ պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաեւ ատելության եւ խտրականության հրահրման դեմ պայքարի գործում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային եւ հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, Արցախի հայաթափմանն ուղղված գործողություններին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է այդ ոճրագործություններին միջազգային հանրության պատշաճ եւ հասցեական արձագանքի, ինչպես նաեւ նման գործողությունների կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարեւորությունը։