Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում սեպտեմբերի 24-ին նախատեսված հանրային բաց լսումը գյուղացիների ճնշմամբ չկայացավ։ Ուռուտից 20 կմ հեռավորության վրա գտնվող բազմամետաղային հանքային դաշտում երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ լսումը ձեռնարկել էր «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ընկերությունը, որի ներկայացուցիչ Անուշավան Ուլիխանյանին գյուղացիները թույլ չտվեցին արտահայտվել եւ քննարկում սկսել։
Ուռուտցիները նույն դիրքորոշումն արտահայտել են դեռեւս մայիսի 14-ին՝ չեղարկելով «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ի՝ հանրային լսում անցկացնելու առաջին փորձը։ Երկրորդ անգամ Ուռուտում հանրային լսումը չի կայացել նշված ընկերության ներկայացուցչի վատառողջ լինելու պատճառով։ Արդեն երրորդ հանրային լսումն է, եւ գյուղացիների մեծ մասն, առանց որեւէ նախապայմանի, դեմ է թե՛ բնակավայրում հանքի գոյությանը, թե՛ հանրային լսում անցկացնելուն։
Գործարար Անահիտ Մանուկյանը Ուռուտից է, բայց Էջմիածնում է ապրում։ Չորս տարի առաջ գյուղում հողատարածք է գնել եւ պանրի արտադրություն հիմնել, որն ընդլայնելու եւ նոր աշխատատեղեր բացելու մտադրություն ունի․ հիմա արտադրամասի նոր շենք են կառուցում։ Ասում է՝ կտրականապես դեմ է Ուռուտում հանքի շահագործմանը, որովհետեւ այդ գործողությունները տանելու են էկոհամակարգի վատթարացման։
«Անգամ եթե արտադրություն չունենայի, բնությունն է ափսոս, որ ապականեն։ Հետո էստեղ մարդիկ են ապրում, նրանք են կրելու վնասները։ Բացի այդ՝ մեր արտադրանքը Երեւանում ու Արարատյան դաշտավայրում ենք վաճառում, այդ պայմաններում մարդիկ կհրաժարվեն այստեղի մթերքից։ Գյուղը մեծ պոտենցիալ ունի տուրիստական վայր դառնալու։ Աշխատատեղեր հիմնելու հնարավորություններ կան, լիքը հեռանկարներ, դրամաշնորհային, աջակցման ծրագրեր։ Եթե զբաղվենք ու լուրջ մոտենանք, ամեն ինչ հնարավոր է անել առանց հանքերի»,- նշում է գործարարը։
Հանրային լսում անցկացնելուն եւ Ուռուտում հանքի շահագործմանը դեմ գյուղացիները «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ ներկայացուցչից մի քանի ժամ շարունակ պահանջում էին հեռանալ իրենց գյուղից՝ նշելով, որ չեն պատրաստվում լսելու նրան, ինչպես նաեւ չեն թույլատրելու որեւէ համագյուղացու հետ քննարկում անցկացնել։ Իսկ ընկերության ներկայացուցչին լսել ցանկացողները բնապահպան-ակտիվիստներից էին պահանջում չխոչընդոտել գործընթացն ու թողնել, որ նա խոսի։
«Մենք բոլորս դեմ ենք հանքին, թույլ չենք տալու, որ հանքը բացվի, բայց մարդը էկել է, թողեք խոսա։ Ես մենակ ո՛չ կարամ դեմ ըլնեմ, ո՛չ էլ կողմ, պիտի մեծամասնությունը կողմ լինի»,- համագյուղացիներին ասաց Ուռուտի բնակիչ Նորայր Նավասարդյանը։
Ուռուտցի Վաչիկ Սարգսյանն էլ կարծում է, որ հանքի շահագործումով գյուղում նոր աշխատատեղեր են բացվելու։ Ասում է՝ եթե շնորհքով անեն ամեն բան, ապա ինչո՞ւ չլինի։
Մի խումբ երիտասարդներ էլ խմբվել էին գյուղի վարչական շենքի պատշգամբում։ Նրանցից ոմանք նույնպես վեճի էին բռնվում իրենց համագյուղացիների հետ՝ համոզելով նրանց լսել «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ի ներկայացուցչին, ոմանք էլ նրա հետ առանձնազրույցներ էին ունենում։
Գյուղացիներին սատարելու եւ նրանց իրավունքների մասին իրազեկելու նպատակով Ուռուտ էին եկել բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ։
Չնայած «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ի ներկայացուցչի՝ ամեն գնով հանրային լսում անցկացնելու ջանքերին՝ այն չկայացավ։ Գյուղացիների պահանջն անփոփոխ էր՝ հանգիստ թողնել իրենց ու այլեւս Ուռուտ չգալ, որովհետեւ Թեղուտի, Արմանիսի եւ այլ բնակավայրերի օրինակով լավ գիտեն, թե ինչ վնասներ կարող է ունենալ հանքարդյունաբերությունն իրենց առողջության ու շրջակա միջավայրի վրա։
Ուռուտի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանի աշխատասենյակում գյուղացիների եւ բնապահպան-ակտիվիստների ներկայությամբ տեքստի բովանդակության վերաբերյալ տեւական քննարկումներից հետո արձանագրություն կազմվեց, որը ստորագրվելուց եւ կնքվելուց հետո ընթերցվեց վարչական շենքի բակում հավաքված գյուղացիների համար։
Բնապահպան Արփինե Գալֆայանն էլ ներկաներին հորդորեց հետեւողական լինել, որպեսզի չկայացած լսումների արձանագրությունների, ինչպես նաեւ այդ լսումներին դեմ արտահայտված քաղաքացիների ստորագրությունների հիման վրա համայնքապետն ու ավագանին մերժեն նախնական համաձայնությունը՝ ցույց տալով, որ համայնքն ընդհանրապես չի ուզում, որ այս տարածքում հանք լինի։
Իսկ մետաղական հանածոյով հետաքրքրված ընկերության ներկայացուցիչ Անուշավան Ուլիխանյանն այլ փաստաթուղթ էր պահանջում, որտեղ պետք է լինեին գյուղացիների՝ «կողմ» եւ «դեմ» լինելը հաստատող ստորագրություններ։ Գյուղացիները մերժեցին նրա այդ պահանջը, ինչից հետո Ուլիխանյանը որոշեց ինքն անձամբ արձանագրություն կազմել տեղի ունեցածի վերաբերյալ։
Ուռուտի վարչական ղեկավարի, գյուղացիների եւ ակտիվիստների հետ առանձնազրույց ունենալու մի քանի անհաջող փորձերից հետո «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հեռացավ Ուռուտի վարչական շենքի տարածքից՝ նշելով, որ չի հեռանում գյուղից եւ շուտով վերադառնալու է։
Իսկ բնապահպանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողներն ու մի քանի ուռուտցիներ հանդիպեցին Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ։
Հանդիպման ընթացքում «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ հարկավոր է ավագանու որոշմամբ հանրագիր ընդունել, համաձայն որի՝ կարգելվի հանքարդյունաբերությանն առնչվող ցանկացած գործողություն համայնքի տարածքում։ Այլապես հանքարդյունաբերողներն անընդհատ գալու եւ խաթարելու են բնակիչների անդորրը։
Ներկաները խոսեցին նաեւ հանրային քննարկումների կազմակերպման եւ անցկացման կարգի թերությունների եւ խնդրահարույց կետերի մասին, ինչի հետևանքով էլ ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները։ Հանդիպման ավարտին Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը նշեց, որ նշված գործընթացում առաջնային է լինելու ժողովրդի կարծիքը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։