Մինչեւ 2023 թվականը Հայաստանում կներդրվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգը:
Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում է ամրագրված: Ոլորտի մասնագետներն ու առողջապահության նախարարության ներկայացուցիչները վերջերս համատեղ քննարկման ընթացքում նշեցին, որ արդեն կա ձեւավորված աշխատանքային խումբ, նախնական հայեցակարգը մշակված է եւ ուժի մեջ կմտնի ոչ թե 2023, այլ 2024 թվականին:
Պետական բժշկական համալսարանի (ՊԲՀ) հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է, որ այս համակարգը մեզ իսկապես անհրաժեշտ է, որովհետեւ հասարակության զգալի մասը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ուղղակի չի դիմում բժիշկներին, շատերն էլ աղքատանում են՝ բժշկական ծառայությունների դիմաց վճարելով:
Սակայն անցումը պարտադիր ապահովագրության առողջապահական համակարգում կարող է լուրջ ցնցումների հանգեցնել: Ղազախստանում, օրինակ, առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումից որոշ ժամանակ անց այն կասեցվեց, որովհետեւ պատրաստ չէին դրան: Ղազախստանի սխալը չկրկնելու համար Հայաստանը պետք է գնա փուլային ճանապարհով:
Մելիք-Նուբարյանը փորձեց քայլ առ քայլ ներկայացնել այդ ճանապարհը. «Մենք կարող ենք համակարգը ներդնել, եթե զուգահեռաբար բարելավենք առողջության առաջնային պահպանման օղակը, ներդնենք ուղեցույցներ ու գործելակարգեր, բարելավենք առողջապահության մարդկային ներուժը, ֆինանսավորումը: Այս աշխատանքները շատ դժվար է կատարել երկու տարում, բայց եթե դրանք բաժանենք փուլերի, ապա 5-10 տարվա մեջ կարող ենք արդյունավետ համակարգ ներդնել»:
Համակարգը հղի է նաեւ բարդ հետեւանքներով: Հնարավոր է, որ դրա ներդրումից հետո ստեղծվի ֆինանսական դեֆիցիտ: Նման խնդրի առաջ կանգնեց Թայվանը, նոր սահմանված հարստության հարկն ուղղվեց առողջապահական ապահովագրության ծրագրի դեֆիցիտը փակելուն:
Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, վճարունակության դեֆիցիտի դեպքում սուբսիդավորում է պետությունը, կամ ավելանում են հարկերը: Մելիք-Նուբարյանը կարծում է, որ հնարավոր խնդրի դեպքում Հայաստանն, ամենայն հավանականությամբ, նույնպես կընտրի այդ տարբերակներից մեկը:
Հիշեցնենք, որ նախագծի առաջին փորձը ժամանակին ձախողվեց։ Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը դեռեւս 2019 թվականին շրջանառության մեջ դրեց այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Փաստաթուղթը լուրջ քննադատության արժանացավ, բայց ոչ այն պատճառով, որ առողջության ապահովագրությունը վատ բան է, այլ որովհետեւ հասարակությունն ու համակարգը պատրաստ չեն դրան։
Ապահովագրությունը թանկ հաճույք է, որի համար պետք է վճարել։ Ներկայացված հայեցակարգով առաջարկվեց ապահովագրավճարի բավական բարձր շեմ։ Խոսքը մինչեւ 6 տոկոսի մասին էր։ Այն, ըստ էության, լրացուցիչ հարկ է, որը դրվում է քաղաքացիների վրա։ Առանց դրա էլ աշխատողներն իրենց աշխատավարձերից հսկայական մասհանում են անում հարկերի եւ այլ պարտադիր վճարների տեսքով։
Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը դրան կավելացնի եւս 4-6 տոկոս։
Աշխատավարձից լրացուցիչ այդքան գումար գանձելը լուրջ ծանրաբեռնվածություն է։ Առավել եւս այն քաղաքացիների համար, որոնք աշխատելով հազիվ են հասցնում ապահովել իրենց նվազագույն կարիքները։ Այդպիսի քաղաքացիների քանակը բավական մեծ է։
Այս դեպքում համակարգի կայացմանը կնպաստի նաեւ գործատուների ակտիվ մասնակցությունը: Ոչ ոք չի ցանկանում գործատուի համար լրացուցիչ բեռ ստեղծել, բայց շատ կարեւոր է, որ վերջիններս հասկանան՝ բժշկական ապահովագրությունը բեռ չէ, ճիշտ հակառակը՝ դա բխում է իրենց շահերից, որովհետեւ միտված է հենց այն մարդու առողջության պաշտպանությանը, որը գործատուի համար եկամուտ է ստեղծում:
Արդյո՞ք հնարավոր է, որ հավելյալ հարկը մասնակի կամ ամբողջությամբ դրվի նաեւ գործատուի վրա՝ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է .«Եթե աշխատողը տեսնի, որ իր աշխատավարձից այդ 6 տոկոսը տալը ձեռնտու է իրեն, չի առարկի: Մարդը կարող է առողջ լինել, մեկ տարի չօգտվել ապահովագրությունից ու կուտակել այդ գումարը հաջորդ տարիների համար: Իսկ եթե գործատուների վրա ավելացնեն այդ հարկը, ապա դա մեծ բեռ կլինի: Զինվորի համար գանձվող հարկը բարձր աշխատավարձերի դեպքում բավականին աճել է արդեն, եւ այսօր, երբ եկամտահարկն իջել է 22 տոկոսի, զինվորներին ուղղվող գումարների ավելացման հետեւանքով գործատուն վճարում է 23 տոկոսից ավելի հարկ: Այդ 6 տոկոսի հետ արդեն այն մեծ բեռ կդառնա ու կբերի անհավասար մրցակցության, ստվերային տնտեսության: Հնարավոր է նաեւ գործատուն աշխատանքից ազատի որոշ աշխատակիցների, որպեսզի միջոցներ խնայի, կամ էլ կթանկացնի իր արտադրանքը»:
Այնպես որ, համատարած կամ համապարփակ առողջապահական փաթեթին անցնելուց առաջ նախ պետք է փորձել շտկել այսօր առկա թերությունները։
Այլապես, եթե պիտի հետագայում էլ այսպես շարունակվի, դա ոչինչ էլ չի տա քաղաքացիներին եւ միայն կծանրացնի նրանց ֆինանսական բեռը։