ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը պատերազմի տարելիցի կապակցությամբ նշել են, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես սեփական, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Դեսպանատանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին եւ հարազատներին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ Ռուսաստանը հատկապես կարեւորում է, որ հայ բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետեւանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա, ապագայի հանդեպ վստահություն ձեռք բերի:
Որպես դաշնակից՝ ՌԴ-ն պատրաստ է ակտիվ ջանքեր եւ գործնական քայլեր ձեռնարկելու տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, ինչպես նաեւ փախստականների վերադարձի եւ հայ բանտարկյալների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելու ուղղությամբ: