1920 թվականի օգոստոսի 10-ին անկախ Հայաստանը եւ բոլշեւիկյան Ռուսաստանը Թիֆլիսում ստորագրել են զինադադարի համաձայնագիր: Պատմական այս իրողությունը ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլեւ քաղաքական քննարկումներում «դեմարկացված» է, սահմանից անդին է եւ երբեք չի դիտարկվել որպես Հարավային Կովկասի իրավական ստատուս-քվոյի փոփոխության հիմնավորում:
Տրամաբանությունը հուշում է, որ եթե երկու երկիր զինադադարի համաձայնություն են կնքում, ուրեմն ինչ-որ փուլում գտնվել են պատերազմի մեջ: Կողմերից ո՞րն է մյուսին պատերազմ հայտարարել: Այս հարցի պատասխանը տալիս է Ադրբեջանի Հեղկոմի նոտան Հայաստանին, որով պահանջվում է զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից եւ Զանգեզուրից: Նշանակում է, որ Ադրբեջանի խորհրդայնացման պահին, այն է՝ 1920-ի ապրիլի 28-ին, Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը գտնվել են Հայաստանի իրավազորության ներքո, նրա զինված ուժերի վերահսկողության տակ: Այլապես Ադրբեջանի Հեղկոմն ինչո՞ւ էր պահանջում հայկական զորքերի դուրսբերում եւ սպառնում պահանջը չբավարարելու դեպքում դիմել ուժի:
Պատմականորեն արձանագրված փաստ է, որ դրան հետեւել է բոլշեւիկյան Ռուսաստանի 11-րդ բանակի զորաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ: Հետեւաբար Հայաստանի անկախ պետությանը պատերազմ հայտարարել է բոլշեւիկյան Ռուսաստանը եւ օկուպացրել Լեռնային Ղարաբաղը:
Զինադադարի համաձայնագրում հենց այդպես էլ ձեւակերպված է, բայց օկուպացված են ճանաչված նաեւ Զանգեզուրը եւ Նախիջեւանը: Օկուպացված բոլշեւիկյան զորքերի կողմից: Բայց իրավական փաստաթուղթն արձանագրում է, որ օկուպացիան չի կանխորոշում այդ տարածքների պատկանելությունը Հայաստանին կամ Ադրբեջանին, վերջնական լուծումը պետք է գտնվի հայ-ռուսական խաղաղության պայմանագրով: Ասված է նաեւ, որ այն պետք է կնքվի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում:
Խաղաղության, հաշտության, փոխադարձ ճանաչման հայ-ռուսական բանակցություններ սկսվել են, մի քանի փուլ անցել, բայց վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Ինչո՞ւ՝ բոլորովին այլ հարց է: Արդեն հայ-թուրքական պատերազմից, Ալեքսանդրապոլի պայմանագրից եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Լեռնային Ղարաբաղի հարցը տեղափոխվել է ռուս-թուրքական կամ բոլշեւիկա-քեմալական բանակցությունների տիրույթ: «Կարգավորումը» հայտնի է՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը:
Եվ եթե ընդունենք, որ պետությունների միջեւ սահմանագծումներն իրականացվում են պատերազմների արդյունքներով, ապա պիտի արձանագրենք, որ Ռուսաստանն իր կողմից օկուպացված Նախիջեւանը Թուրքիայի պրոտեկտորատի տակ փոխանցել է Ադրբեջանին, նախկին ցարական Զանգեզուրի գավառը՝ կիսել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ մարզային լայն ինքնավարության իրավունքով եւ Շուշի կենտրոնով «թողել Ադրբեջանի կազմում»:
Որ խորհրդային Ադրբեջանը երկու տարի ձգձգել է ԼՂ ինքնավարության հռչակումը, որ միայն խորհրդային Հայաստանի կառավարության նախագահ Մյասնիկյանի համառ պնդումներից հետո է Մոսկվան Բաքվին բառիս բուն իմաստով պարտադրել Ադր. ԽՍՀ Կենտգործկոմի 1923-ի հուլիսի 7-ի՝ Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզ կազմավորելու մասին Դեկրետը, նույնպես արձանագրված փաստ է: Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանապատկանության իրավական միակ հիմքը» ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումն է:
Միջազգային, միջպետական որեւէ ակտ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի դեմոկրատական կամ խորհրդային հանրապետության մաս, գոյություն չունի: Միակ փաստաթուղթը, որով Լեռնային Ղարաբաղն իրավական առումով կապվում է ԱԴՀ-ի հետ, 1919 թվականի օգոստոսյան «համաձայնագիրն է»: Ընդ որում, այնտեղ էլ էական վերապահում է արված՝ Լեռնային Ղարաբաղն իրեն ժամանակավորապես՝ մինչեւ Խաղաղության վեհաժողովի վերջնական որոշումը, համարում է Ադրբեջանի սահմաններում՝ պահպանելով ինքնավարությունը եւ ինքնակառավարումը:
Այսպիսով՝ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից 1920-ի մայիս-հունիսին օկուպացված Լեռնային Ղարաբաղն է «թողնվել Ադրբեջանի կազմում»՝ Հայաստանի անկախ հանրապետությունից օկուպացված։ Քանի որ Ռուսաստանը զինադադարի համաձայնագիրը Հայաստանի հետ է ստորագրել, ռուս-հայկական հաշտության բանակցություններով պիտի որոշվեր ԼՂ վերջնական կարգավիճակը:
Այսօր Ռուսաստանը բոլշեւիկյան Ռուսաստանի իրավահաջորդը չէ, ԽՍՀՄ իրավահաջորդն է: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում նրանք ԽՍՀՄ-ին անդամակցել են այն սահմաններով եւ պետական կառուցվածքով, որ նրանց համար սահմանել է բոլշեւիկյան Ռուսաստանը: Այս իրողության նկատառմամբ է, որ ԼՂ-ի հարցում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, միջազգային կառույցները լուռ համաձայնությամբ ճանաչում են Ռուսաստանի առանձնահատուկ դերը: Դա, իհարկե, ոչ թե արտոնյալ իրավունքի, այլ ավելի շատ բացառիկ պատասխանատվության ճանաչում է: Այլապես նոյեմբերի 9/10-ի Հայտարարությունը եռակողմ չէր լինի, այն կստորագրեին Հայաստանը եւ Ադրբեջանը, իսկ նախաբանում կասվեր, որ համաձայնությունը ձեռք է բերվել ՌԴ նախագահի միջնորդությամբ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։