Թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի ընթացիկ զորավարժանքները իր երկրի հետ սահմանի հարեւանությամբ «շատ անսպասելի իրադարձություն» է անվանել:
«Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ չեն եղել: Իհարկե, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնելու իր տարածքում: Դա նրա ինքնիշխան իրավունքն է: Ոչ ոք նրան ոչինչ չի կարող ասել: Սակայն երբ դա վերլուծում ենք ժամանակային առումով, տեսնում ենք, որ նման բան երբեւէ տեղի չէր ունեցել: Ինչու՞ հենց հիմա եւ ինչու՞ մեր սահմանին»,- ասել է Ալիեւը:
Ալիեւը ադրբեջանական հասարակության անունից հարցադրումներ է արել. «Ինչու՞ վարժանքներ չեն անցկացվել այն երեսուն տարիների ընթացքում, երբ Ադրբեջանի տարածքի մի մասը բռնազավթված էր: Ինչո՞ւ Իրանի զինված ուժերն իրենց զորավարժանքները չեն անցկացրել այն տարիներին, երբ հայերը Ջաբրայիլում էին, Զանգիլանում եւ Ֆիզուլիում»:
«Ինչու՞ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը եւ ավարտեցինք 30-ամյա բռնազավթումը: Սրանք արդարացի հարցեր են»,- պնդել է Ալիեւը: