Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։
Զեկույցում ամփոփվել են 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021-ի սեպտեմբերի 27-ը Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալները Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման եւ ներխուժման հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ։
«Մինչեւ 2021-ի սեպտեմբերի 27-ը հավաքագրված տվյալներով պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձանց ինքնությունը։ 42 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների՝ ներառյալ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետեւանքով»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի զեկույցում:
Պաշտպանի տվյալներով՝ 38 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի եւ այլ անմիջական միջոցների կիրառմամբ:
Արձանագրվել է, որ 80 քաղաքացիական զոհերից 68-ը տղամարդիկ են, 12-ը՝ կանայք։ 52 քաղաքացիական անձ սպանվել է բնակության վայրում, 15-ը` հասարակական վայրում, 11-ը` աշխատանքի վայրում, 1-ը` ադրբեջանական բանտում։ Քաղաքացիական զոհերի թվում մեծամասնություն են կազմում 63 եւ ավելի տարիքի անձինք։
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաեւ 163 քաղաքացիական անձանց վիրավորման դեպքեր, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետեւանքով: Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռեւս անհայտ է։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է, որ ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը։ Յուրաքանչյուր քաղաքացիական զոհի սպանության հանգամանքների վերաբերյալ զեկույցում ներկայացված է հակիրճ նկարագրություն։
ՄԻՊ-ի զեկույցը պատրաստվել է փակ եւ հրապարակային տարբերակով։ Փակ զեկույցում ավելացված են զոհերին մահից առաջ ու հետո ներկայացնող բազմաթիվ լուսանկարներ: Հրապարակային զեկույցը պատրաստվել է առանց լուսանկարների՝ հաշվի առնելով դրանցում առկա դաժան ու զգայուն պատկերները:
Զեկույցի փակ տարբերակն ուղարկվել է միջազգային համապատասխան կառույցներին, հրապարակային տարբերակը հասանելի է Արցախի ՄԻՊ-ի պաշտոնական կայքում: