Ըստ ՀՀ դատախազության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերեւույթ հանցագործությունների փաստերի առթիվ ավելի քան 2000 քրեական գործ է հարուցվել։ Քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ 55 անձի վերաբերյալ: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ավելի քան 800 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց թվում նաեւ՝ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ։
Քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ ( Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 307.4-րդ (Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը), 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ինչպես նաեւ 375-րդ (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), 299-րդ (Պետական դավաճանությունը) եւ 302-րդ (Լրտեսությունը), 311-րդ (Կաշառք ստանալը), 312-րդ (Կաշառք տալը), 313-րդ (Կաշառքի միջնորդությունը), 177-րդ (Գողությունը) եւ 178-րդ (Խարդախությունը) հոդվածներով։
Նշված քրեական գործերով կպարզվեն Արցախի հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի եւ ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ եւ դեպի Արցախի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները:
Քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի եւ Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված եւ իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաեւ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները։
Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Արցախի հարավային ուղղությամբ եւ դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով շուրջ հարցաքննվել է 150 անձ (նրանց թվում՝ ԱՀ նախագահը, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդականը, ՊԲ հրամանատարի տեղակալը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը եւ այլք):