Պատերազմի տարելիցն է, ու շատերս մտովի, ոմանք էլ՝ հանրային գրառումներով, հիշում, պատմում ենք, թե ինչ ենք զգացել, ինչ ենք արել պատերազմը սկսելուց հետո։
Տեղին կլինի, սակայն, որ յուրաքանչյուրս փորձի վերհիշել, թե ինչ է արել, որ սեպտեմբերի 27-ն ու դրան հաջորդած երկար ու ձիգ 44 օրերը վառոդահոտ չդառնային։
Պարտությունը, որի հետ ապրում ենք հիմա, իմ ընկալմամբ նոյեմբերի 9-ին չէ, որ եկել է, այլ սեպտեմբերի 27-ին։ Սեպտեմբերի 27-ին մենք բոլորս պարտվել ենք, որովհետեւ պարտվել է մեր ընտրած իշխանության մեր չունեցած դիվանագիտությունը։
Պարտվել ենք այն պարտադրված մտայնությանը, թե մենք կարող ենք մեզ թույլ տալ չխորշել քաղաքական հարցերը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից։ Ու սա ամենեւին չի նշանակում, թե ասում եմ, որ մենք ենք սկսել ռազմական գործողությունները․ իհարկե, մենք չենք սկսել։ Իհարկե, «Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմ» բառակապակցությունը ես էլ կարող եմ գրել, բայց նախընտրում եմ «մեր կողմից չկանխված պատերազմն» օգտագործել։ Որովհետեւ չեմ ուզում՝ նորից ամեն հարց ու պատասխանատվություն օտարենք մեզնից ու էլի զոհի կարգավիճակում անիծենք բախտը։
Ուզում եմ՝ հասկանանք, թե ինչ կարող էինք անել ու չարեցինք, որ հստակվի, թե ինչ չպիտի անենք նորից։
Ադրբեջանն, իհարկե, վաղուց էր պատրաստվում հարցը ռազմական ճանապարհով լուծելու։ Մեր խնդիրը պիտի լիներ օր առաջ հնարավոր դարձնել քաղաքական լուծման տարբերակը։ Ու թե խաղաղ կարգավորման տարբերակը մերժվեր անգամ Ադրբեջանի կողմից, մենք կունենայինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։ Այդ աջակցությունը թույլ կտար նրա վրա ճնշում գործադրել, որ հրաժարվեր պատերազմի մտքից, իսկ ռազմական գործողությունները սկսելուց հետո, որ դրանք հնարավորինս շուտ դադարեցվեին։
Բայց իշխանությունը, որին ընտրել էինք, որ նախորդների պես չգողանա ու, կարեւորը, չկեղծի բանակցածի մասին, գողացավ հազարավորների կյանք ու կեղծում է այլընտրանք չունենալու մասին իր պնդումներով։
«Հասարակությունը մեզ չէր հասկանա»,- ասում են նրանք, որ հասարակությանը չեն էլ հարցրել ոչինչ, հարցրել են մարդկանցից, որ տարիներ շարունակ քարոզում էին իրենց կողքով անցնելիք պատերազմ։ Իսկ հասարակությո՞ւնը․ կարելի է, իհարկե, դիմել տարատեսակ սոցհարցումներին ու պնդել, որ հասարակությունն էլ փափագում էր գնալ, հաշմվել, տուն ու տեղ կորցնել, փախստական դառնալ… զոհվել, բայց դավաճանի պիտակ չվաստակել։
Բայց պետք է հաշվի առնել, որ եթե քսան տարի շարունակ քսան ու կես հեռուստաալիքով ու հարյուր քսան այլ միջոցներով հասարակությանը ներշնչես, որ մենք ռազմական նավատորմ ունենք, հաջորդ սոցհարցմամբ կարող է պարզվել, որ ժողովուրդը պահանջում է նավատորմը գործի դնել ու վերադարձնել Հռոմկլան ու Կոռիկոսը։
Եվ, ուրեմն, ինչ եմ արել ես, մեզնից յուրաքանչյուրը, որ որեւէ քաղաքական գործչի մտքով անգամ չանցնի, թե նա որեւէ շարքայինի, էլ չեմ ասում հազարավորների կյանքը խնայելն ավելի պակաս կարող է արժեւորել, քան որեւէ պիտակ, որ կարող էր վաստակել։
Ինչ եմ անում հիմա ես, յուրաքանչյուրս, որ զուգահեռ իրականության մեջ ապրելու տենդագին մոլուցքը մի նշույլ պակասի, ու հասարակության մեջ ամրապնդվի այն թեզը, որ քաղաքական գործիչները հասարակություններին պատերազմներից պաշտպանելու, ոչ թե դրանց երախը գցելու համար են։
Չգիտեմ… ո՛չ չքննարկվածն է լսվում նեոֆիդայական խառնաղմուկի մեջ, ո՛չ քննարկվածը։ Ու վերջին հաշվով՝ մնում ես դու ու խղճիդ հաշվետվությունը, որ հանգիստ չի տալիս՝ դու ի՞նչ արեցիր, որ սեպտեմբերի 27-ը վառոդահոտ չլինի։ Քանի որ եղավ, հավանաբար՝ ոչինչ․․․
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։