Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մեկնարկեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը։ Այն նվիրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։
Մինչեւ բացման հանդիսավոր արարողության մեկնարկը ներկաները միասնական աղոթքով ոգեկոչեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։
Բեմում Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական եւ Ալավերդու քաղաքային թատրոնի դերասաններն էին որպես հանդիսավոր օրվա գլխավոր հերոսներ։
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռեւազյանը շնորհավորեց փառատոնի մեկնարկն ու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորագիրը հանձնեց «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանին։
Ապա Ալավերդու համայնքապետարանի կողմից աբելյանցիները նվերներ ստացան թատրոնի հոբելյանի եւ փառատոնի բացման կապակցությամբ։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն իր ելույթում նշեց՝ աբելյանցիների համար մեծ պատիվ է, որ «Թատերական Լոռի»-ն նվիրված է իրենց թատրոնի հոբելյանին եւ մեկնարկում է իրենց «Անուշ»-ով։
29-րդ «Թատերական Լոռի»-ի մեկնարկը շնորհավորեց նաեւ Աբելյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։
«Անչափ ուրախ եմ, որ Ալավերդին շարունակում է այս հրաշալի փառատոնը։ Հանրապետության ամենաերկարակյաց փառատոնն է «Թատերական Լոռի»-ն եւ արդեն բացառիկ ու շատ կարեւոր։ Դրանով մենք՝ լոռեցիներս, հպարտանալու շատ մեծ տեղ ունենք։ Անշուշտ, ես չեմ կարող այսօր չհիշել այս փառատոնի հիմնադիրներին եւ մասնավորապես մեր լոռեցի, հանրապետության ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին, որի շատ կարեւոր գործը շարունակեց եւ փառատոնը միջազգային դարձրեց Հրաչյա Պապինյանը»,- իր ելույթում ասաց Վահե Շահվերդյանը։
Ալավերդու համայնքապետն արտիստին նվեր եւ պատվոգիր հանձնեց՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակի եւ Լոռիում, մասնավորապես Ալավերդիում թատերարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար։
«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանն էլ հայտարարեց, որ փառատոնն այս տարի մրցութային չէ, որովհետեւ համավարակի սահմանափակումների պատճառով մասնակից թատերախմբերի կազմն է փոքր․ դրամատիկական թատրոնները մի քանիսն են, կատակերգականը կամ տիկնիկայինը՝ մեկը։ Այդ պատճառով, ըստ փառատոնի տնօրենի, չի կարող մրցակցություն լինել։ Թատերախմբերին հանձնվելու են ավանդական արձանիկներն ու փառատոնի մասնակցության դիպլոմը, ասաց Հրաչյա Պապինյանն ու 29-րդ փառատոնի արձանիկն ու դիպլոմը հանձնեց Վանաձորի դրամատիկական թատրոնի տնօրենին՝ փառատոնի բացումը նշանավորող «Անուշ»-ի համար։
Հանդիսավոր արարողության ավարտին փառատոնի բացումն ազդարարող ավանդական զանգը հնչեցնելու պատիվը տրվեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանին։
Երկու տարին մեկ անցկացվող «Թատերական Լոռի»-ին Հայաստանից բացի կմասնակցեն ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները՝ «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ թատերախմբեր Թբիլիսիից եւ Եգիպտոսից։
Սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը 14 թատրոն 28 ներկայացում կխաղան Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր եւ Ալավերդի քաղաքներում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։