ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը անդրադարձել է Բաքվում պահվող ռազմագերիների կյանքի իրավունքի պաշտպանվածությանը եւ նրանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների խնդրին։
Իրավապաշտպանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ունեն պատանդի կարգավիճակ։ Պաշտոնական Բաքուն նրանց շահարկում է քաղաքական նպատակներով։ «Ադրբեջանական իշխանությունները հավելյալ լծակ են ստեղծում հայ հասարակության վրա ներազդելու համար եւ դա անում են, քանի որ քաղաքական օրակարգում կան դեռեւս չլուծված խնդիրներ»,- ասել է նա։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Սահակյանը նշել է, որ այն ռազմագերիները, որոնց մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանը, կյանքի իրավունքի առումով պաշտպանված են, ինչը չենք կարող ասել նրանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների, նվաստացումների մասին։ Ճիշտ է` Կարմիր խաչը պարբերաբար այցելում է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, սակայն բնականաբար այդ այցելություններն ամենօրյա բնույթ չեն կրում։
«Այցելությունները շատ հաճախակի չեն, այսինքն` ամիսը մեկ, երբեմն` երկու ամիսը մեկ անգամ, իսկ այդ ընթացքում վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների ենթարկելու հեռանկարներ կան, ավելին՝ վնասվածքներն են հաճախ վերանում, բայց հասկանալի է, որ հակահայկականության պայմաններում նրանք նման վերաբերմունքի արժանանալու են»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։
Սահակյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հայ ռազմագերիների հարցը կշարունակի շահարկել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական օրակարգում եղած խնդիրներն ամբողջովին չեն լուծվել։ Իսկ այստեղ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ունի։ Նա ձգտում է Հայաստանի հետ սահմանագծման եւ սահմանազատման ժամանակ առավելագույնը պոկելու եւ դրանք ամրագրելու իրավաբանորեն, որպեսզի հայերի սերունդները տասնամյակներ անց հանդես չգան պահանջատիրության դիրքերից։
Նախորդ տարվա նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման պահից ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել 105 գերի։ Այժմ Ադրբեջանում պահվող գերիների թիվը 45 է, եւս 80-ի մասին հայկական կողմը չհաստատված փաստարկներ ունի։