Գյումրու Ձիթողցոնց տան բակում հնչում էր ֆրանսահայ երգահաններ Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժորժ Գարվարենցի երաժշտությունը՝ հրավիրելով ցուցահանդեսի։
Գյումրու ժողովրդական, քաղաքային կենցաղի եւ ազգային ճարատարապետության թանգարանում սեպտեմբերի 25-ից մեկնարկեց Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի (ԵԺԹ) նախաձեռնած «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շարքը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։
«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն». այսպես էր կոչվում ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) եւ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական 55 աշխատանքների ցուցահանդեսը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը բացման խոսքում առանձնահատուկ կարեւորեց հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը, որը խարսխված է դարավոր մտերմության եւ փոխօգնության վրա։
«Հայն իր մեծ լուման ունի ոչ միայն Ֆրանսիայի գիտության ու տնտեսության զարգացման, այլեւ մշակույթի մեջ, որն այսօր հնարավոր չէ պատկերացնել առանց Ժանսեմի, Գառզուի, Ազնավուրի, Լեգրանի, Գարվարենցի, Անրի Վերնոյի․․․ Այս անուններով ոչ միայն մենք ենք հպարտանում, այլեւ ֆրանսիացիները»։
ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ ցուցահանեդեսի նպատակը մայրաքաղաքի թանգարաններում պահվող արժեքները մարզերում հասանելի դարձնելն է։
Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում պահվում են Գառզուի եւ Ժանսեմի 200 գործեր։ ԺԱԹ-ի փոխտնօրեն Արմինե Ղազարյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կշարունակվի, եւ չներկայացված գործերը նույնպես կցուցադրվեն Գյումրիում։
Ցուցահանդեսի մասնակիցները դիտեցին հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերը եւ արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ։ «Կադանս» երաժշտախումբը կատարեց հայկական, ֆրանսիական եւ արգենտինական ստեղծագործություններ։
«Մենատիպ եւ խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանն իր շուրջը համախմբեց գյումրեցի մեկ տասնյակ պատանիների։ Արվեստաբան, նկարիչ Լուսինե Նաղդալյանը մասնակիցներին ծանոթացրեց Գառզուի եւ Ժանսեմի ստեղծագործական ոճին, լիտոգրաֆիայի տեխնիկային։
«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» ցուցահանդեսը Գյումրիում կմնա մինչեւ սեպտեմբերի 28-ը, այնուհետեւ կտեղափոխվի Վանաձոր։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։