Ըստ թուրքական SoL պարբերականի՝ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը բռնազավթիչ են եւ թալանում են Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսները։ Նա ԱՄՆ-ին եւ Թուրքիային զորքերը Սիրիայից դուրս բերելու կոչ է արել։
Միքդադը նշել է, որ Թուրքիայի ռեժիմը հերթական անգամ ցույց է տվել, որ հավատարիմ չէ Աստանայի գործընթացին եւ Իդլիբի մասին Սոչիի համաձայնագրին։ Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է տարածաշրջանում աջակցել եւ պաշտպանել ահաբեկիչներին՝ մասնավորապես «Ալ Նուսրա» ճակատին։
Սիրիայի ԱԳ նախարարը Թուրքիային նաեւ Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանները «թուրքականացնելու» եւ ժողովրդի համար խմելու ջրի խնդիրներ ստեղծելու մեղադրանքներ է առաջ քաշել։
Նա հայտարարել է, որ Թուրքիայի ռեժիմը Սիրիայի տարածքներում պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցանքներ է գործել եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկելու։