Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնելու է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին եւ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Առաջիկայում կլինի նաեւ Երեւանում:
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ղարիբաշվիլին նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ փոխվստահություն ունեն, «որն ամենակարեւորն է։ Երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջեւ եւս, բոլոր հարցերը կլուծվեն: Նման հարաբերություններ ունեմ նաեւ պարոն Փաշինյանի հետ, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր Թբիլիսիում, եւ ես էլ առաջիկայում պատրաստվում եմ այցելել Հայաստան»,- ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»-ի՝ նշել է Ղարիբաշվիլին:
«Կարծում եմ, որ կարող եմ իմ ամբողջ էներգիան ներդնել կարգավորման մեջ եւ դրական դեր խաղալ»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը շեշտել է, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարեւոր միջնորդությամբ հանդես եկավ։ Դա 15 հայ գերիների վերադարձն էր՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց:
Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթում համաշխարհային առաջնորդներին առաջարկել է «Խաղաղ հարեւանության նախաձեռնություն»` Սեւծովյան տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ Թբիլիսին պատրաստ է ընդունելու խաղաղության նախաձեռնության շրջանակում առաջին հանդիպումը: Նա շեշտել է, որ նոր ձեւաչափը կօգնի կառուցելու երկխոսություն, եւ կլինի գործնական լուծում տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում:
Ղարիբաշվիլին այնուհետեւ հայտարարեց, որ Վրաստանը հանդես է գալիս հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ բարձր մակարդակի շփումների համար Թբիլիսիում հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ: