ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ ԿՄԽԿ-ի միջեւ Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների ուղղությամբ համագործակցության եւ կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։
ՀՀ արտգործնախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ եւ անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:
«Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների՝ ներառյալ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Նախարարն ընդգծել է նաեւ, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն, եւ հարցը չպետք է քաղաքականացվի։