Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը:
Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիեւը քննադատել էր Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով լայնածավալ զորավարժությունների անցկացման փաստը։
«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները տխրեցնում են մեզ: Այն ձեւը, որով Ադրբեջանի նախագահն արտահայտեց իր տեսակետը, անակնկալ էր, քանի որ երկու երկրների միջեւ առկա են բարիդրացիական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, առկա են նաեւ ամենաբարձր մակարդակում կապ պահպանելու հնարավորություններ»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է եւ ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում:
«Իհարկե, ակնհայտ է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ Իսրայելի անգամ ցուցադրական ներկայությունը եւ այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»,- շեշտել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։