Հունաստանի ամենամեծ կղզու՝ Կրետեի ավերիչ երկրաշարժից չեն տուժել այնտեղ բնակվող հայերը: «Ալիք Մեդիա»-ն կղզու հայերի մասին տեղեկություններ ստացավ Պոլսո հայոց պատրիարքարանից, որը Թուրքիայի հայության համար հոգեւոր կենտրոն լինելուց բացի հոգեւոր կենտրոն է նաեւ Հունաստանի Կրետե կղզու հայ համայնքի համար: Կրետեի կենտրոն Հերակլիոնում գործում է Ս. Հովհաննու Կարապետ պատմական եկեղեցին, որի ծխական խորհուրդն էլ երկրաշարժից հետո տեղեկություններ է հաղորդել կղզու հայության վիճակի մասին:
«Կրետեն եղել է Հունաստանում հայերի գլխավոր գաղթավայրերից մեկը, Հունաստանում հայկական առաջին առաքելական եկեղեցին հենց Կրետեում է բացվել, հայությունն այնտեղ դարավոր արմատներ ունի, պատրիարքարանն ամեն առիթով կապի մեջ է համայնքի հետ»,- հայտնեցին պատրիարքարանից:
Կրետե կղզում պատրիարքարանը ժամանակ առ ժամանակ պատարագներ է անցկացնում, իսկ կիրակի օրերը Կրետեում ապրող հնաբնակ սարկավագներն ու դպիրները ժամերգություններ են կատարում: Հայության թիվը կղզում, ըստ տարբեր տվյալների, հասնում է 6-7 հազարի, կրետեահայերը համախմբված են եկեղեցու շուրջը, այլ հայկական կառույցներ չկան:
10-րդ դարի 70-ական թվականներին Կրետեում ապրել է ավելի քան 20 հազար հայ: 350-ամյա եկեղեցու բակում եւ Հերակլիոնի պարիսպների մոտ առկա հայկական գերեզմանատները հայության պատմական հետքերի վկայությունն են: Կղզին նույնիսկ ամենայն հայոց կաթողիկոս է տվել՝ պատմագիր Աբրահամ Կրետացին, որը 1711-1734 թվականներին եղել է Կրետեի հայերի հոգեւոր առաջնորդը:
Հունաստանի Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հերակլիոն քաղաքից 18 կիլոմետր հարավ-արեւելք, զոհվել է 1 մարդ, կա առնվազն 11 վիրավոր: Երկրաշարժից քանդվել են բազմաթիվ շենքեր եւ շինություններ, այդ թվում՝ եկեղեցիներ: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը սկզբում հայտնել էր 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, սակայն հետո ուժգնությունը վերանայվել եւ իջեցվել է մինչեւ 6 մագնիտուդի:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։