Գետաշեն երգը կրտսեր տղայիս (11 տ.) յութուբյան երգացանկում է։ Վերջերս հարցրեց ՝ Գետաշենը Ղարաբաղում է, չէ՞։ Երբ ասացի, որ այն 30 տարի առաջ գրավել են ադրբեջանցիք ու անունը փոխել Չայկենդ, զարմացավ ու տխրեց։ Երեւի երգից տպավորված՝ կարծել էր, թե, իրոք, Գետաշենին հաղթել չի լինի, բայց զարմացել՝ բա ո՞նց են հաղթել։ Մենք է՛լ դրանից չխոսեցինք… Եթե խոսեինք, միգուցե հարցներ՝ բա որ կորցրել ենք, հիմա դա տխուր երգ պիտի լիներ, ինչո՞ւ ենք երգում՝ գլուխ գովում, իսկ երբեմն էլ՝ հարսանիքներում պարում դրա տակ։
Սրանից դրդված, երբ սկսեցի տնտղել մեր ռազմահայրենասիրական երգերի բովանդակությունը, հասկացա, որ դրանց մեծ մասն ավելի շուտ պատմական արժեք ունի՝ անցյալի ուղերձներով։ Այդ երգերը պատմում են, թե ինչ է եղել կամ թե ինչ է առաջարկվել անել անցյալում, որոնք այլեւս վաղուց ակտուալ չեն։
Արձակ եւ չափածո ստեղծագործությունների ասելիքը կարող է ակտուալ լինել որեւէ անցյալ ժամանակահատվածի համար (պատմական արժեք) կամ ակտուալ լինել առանց ժամանակային սահմանների (տեւական արժեք)։ Վերջինիս շարքում են նրանք, որոնց ասելիքն ու ուղերձը շարունակում են մնալ ակտուալ՝ խոհափիլիսոփայական, սիրային, միջանձնային, հայրենի երկիր, բնություն, տուն ու օջախ գովերգող բովանդակությամբ։ Օրինակ՝ բանահյուսական երկերը, տաղերը, առակները, առածները եւ այլն։ Երգ դարձած ասելիքը նույնպես կարող է ակտուալ լինել իր ժամանակահատվածի համար կամ տեւականորեն։ Եթե երգը մնում է կենդանի, ենթադրվում է, որ դրա ասելիքը եւ ուղերձը դեռեւս տեղին են, ակտուալ են, կոչ են անում որեւէ դիրքորոշման, պնդման, նպատակադրման եւ այլն։
Հիմա, էս առումով, մեր ռազմահայրենասիրական երգերից շատերը ի՞նչ են ասում։ Արդյո՞ք Գետաշենը կա ու կմնա, արդյո՞ք իրոք «պիտ հասնենք Սասուն», ուր «հայերի հողը մեզ է ըսպասում»։ Այս երգերը լսող երեխան ի՞նչ հուզական-զգայական ընկալումներ է ունենում, եւ դրանց ազդեցությամբ արդյո՞ք չի մթագնում նրա իրատեսորեն մտածելու ունակությունը։
Իհարկե, սա ոչ բոլոր ռազմահայրենասիրական երգերին է վերաբերում. օրինակ՝ Կարմիր կակաչները (պատերազմի մարտահրավերի, նվիրումի կոչող), Լեբլեբիջիների խմբերգը (ոգեշնչող, բարձրացնող), Անդրանիկի երգը (աշուղ Դվալի-Մկրտիչ) կամ Անդրանիկ զորավարի երգը (փառաբանող, արիության ոգեկոչող), Հիմի էլ լռենք (ազգային արժանապատվության ու իրավունքի կոչող), Գեւորգ Չաուշի հիշատակին կամ Քեռու կամ Նժդեհի հիշատակին (գնահատող, փառաբանող), Հայ քաջեր (հանուն Հայաստանի փրկության, պաշտպանության) եւ այլն։
Բայց այսպիսի երգերը շատ քիչ են, իսկ մեծամասնության ասելիքը անցյալի ինչ-որ ձեռքբերման մասին, որ հետո կորսվել է, կամ անցյալի կորսուստները վերականգնելու մասին է։ Օրինակ՝ կոչերը՝ գնալու ու հետ գրավելու Մուշը, Սասունը, Ալաշկերտը, Արդահանը, Անին, Էրզրումը եւ այլն (տարբեր երգերում), որը ներկայիս կոնտեքսում այլեւս մանկամտություն է։
Իսկ որոշ երգերի անհեթեթ պնդումների համար մեզ այլազգիները կարող են նաեւ ծաղրել։ Օրրինակ՝ Թալեաթի մահը. «Աշխարհ սարսաց՝ հայու ահը, Գետին ընկավ թուրքի գահը»։ Մի կողմից՝ ցեղասպանության ճանաչում ենք մուրում աշխարհից, բայց նաեւ հորջորջում ենք, թե հայու ահից աշխարհը ցնցվեց, թուրքի գահն էլ ընկավ։ Էդ ընկած գահով թուրքն էսօր տասնյակ անգամներով մեզնից առաջ է։ Փաստորեն, էս երգում թուրք նախկին առաջնորդին սպանելով (որի անվտանգությունը Թուրքիան առանձնապես չէր ապահովում), իբր թե կոմպենսացնում ենք ազգային կորուստներն ու պարտությունները ու գինով ցնծում ենք էդ առիթով։ Ժամանակին էդ պրիմիտիվությունը, միգուցե, հասկանալի էր ու ներելի, բայց մեր ժամանակներում շարունակել էդ երգով «ցնծալը» ծիծաղելի է։
Մեկ այլ թեմա է ֆիդայնության գովերգումը։ Իհարկե, ֆիդայական երգերից շատերը հոգեթով են եւ արժեքավոր, բայց արդյո՞ք դրանք նույնպես սոսկ պատմական արժեք չպիտի համարվեն այլեւս։ Իրենք չունեն ներկայիս ասելիք։ Թեեւ 1900-ականների սկզբին ֆիդայական ջոկատները որոշակի փրկություն են եղել լոկալ ինքնապաշտպանությունների կազմակերպման առումով, բայց դրանք ռազմաճակատային մասշտաբի հաղթանակներ չեն բերել, եթե մաս չեն կազմել համակարգված բանակային գործողությունների։ Թե՛ այն ժամանակ ու թե՛ հիմա մեր հասարակության (մանավանդ դաստիարակվող սերնդի) ուղեղում հավաքական «ֆիդայու» կերպարն ավելի բարձր ու պատվավոր դիրք է զբաղեցրել, քան հավակաքան «պետական գործչինը»։
Մեծ առումով մեր ռազմահայրենասիրական երգերը մեզ պահում են անցյալում։ Ներկայիս մտավորականներից (ինչքան որ մնացել են եւ կարող են էդպիսին կոչվել) շատ քչերն են, որ կհամարձակվեն հարցականի տակ դնել նշածս ռազմահայրենասիրական երգերի իրական արժեքը եւ ընդգծել շեղող ազդեցությունը մեր հասարակության գիտակցության վրա։
1990-ականների սկզբին, իհարկե, այս երգերն այլընտրանք չունեին եւ մարտական ոգին բարձրացնելու առումով կարեւոր նշանակություն ունեցան։ Իսկ 1994-ի զինադադարից հետո դրանք կարող էին փոխարինվել նոր երգերով։ Նոր երգեր իհարկե եղան, բայց շատ քիչ, իսկ դրանց մի մասի ասելիքը կրկին մնաց թուրքի հետ հավերժական պատերազմի եւ կորսված էրգիրը հետ բերելու թեման։ Այս երգերն իրենց հերթին նշանակալի ազդեցություն ունեցան ներկայիս ինֆանտիլ մտածողության ձեւավորման, տարածման ու ամրապնդման վրա, որը երազանքը իրականից չի տարբերում, իրատեսության փոխարեն տուրք է տալիս «ուռա-հայրենասիրության», «ոչմիթիզականության», «հայ քաջերը թուրքին միշտ էլ կարան ջարդեն» տիպի մտածողության՝ անտեսելով ժամանակակից տեխնոլոգիաների որոշիչ դերը ռազմական գործողություններում։
Կգա՞ մի օր (հուսամ՝ անդառնալի ուշ չի լինի), երբ հայ մտավորականներն ու երգահանները հանրային օրակարգ ու դիսկուրս կձեւավորեն, ապա կստանձնեն մերօրյա կոնտեքստին հարիր երգերի ստեղծումը, որոնք մի կողմից կօգնեն բարձր պահելու մեր բանակի մարտական ոգին, համարձակությունը եւ նվիրումը, բայցեւ զերծ կլինեն անիրական կոչերից ու ուղերձներից։ Իսկ երբ կոչ կանեն մեզ սպառնացող թշնամու դեմ կենաց-մահու պայքարի, զերծ կմնան որեւէ ազգի հավիտենական թշնամի բացահայտ հռչակելուց, քանի որ նման երգերը եթերում եւ հանրային միջոցառումներում ունենալով՝ չես կարող գնալ խաղաղության երկխոսության, երբ որ օրը գա։ Իսկ եթե մենք չենք հավատում, որ այդ օրը գալու է, ուրեմն մենք մեզ՝ որպես ազգ-պետության, դատապարտել ենք մահվան։
Արմեն Բեժանյան