Ըստ թուրքական Haber Gobal գործակալության՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Թուրքիան սկզբունքորեն դրական է նայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Քալընը հիշեցրել է, որ 1992-ին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման եւ հայ-թուրքական սահմանի փակման պատճառը Արցախյան պատերազմն էր, նրա որակմամբ՝ «Ղարաբաղի բռնազավթումը»։
«Իսկ հիմա, երբ այդ խնդիրն արդեն լուծվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ այլեւս չկա։ Սակայն Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում»,- պնդել է Քալընը։
Թուրքիայի նախագահի խոսնակը միաժամանակ նշել է, որ թեեւ Ղարաբաղում հաստատվել է հրադադար, բայց առ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:
«Դա անհրաժեշտ է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Կովկասին, ե՛ւ մեզ բոլորիս։ Պայմանները, բնականաբար, պետք է քննարկվեն ու արժանանան երկու կողմերի հավանությանը»,- ընդգծել է Քալընը։
Ըստ Իբրահիմ Քալընի՝ վերոնշյալ գործընթացը շարունակվում է, եւ դրա հաջորդ փուլը կլինի պայմանագրի կնքումը։ Նա պնդել է, թե Թուրքիայի համար էական չէ՝ կողմերը ինչ ձեւաչափով կհանդիպեն՝ ՄԱԿ-ի, Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո՞, թե՞ տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավմամբ:
«Կարեւորն այն է, որ պայմանագիրը լինի, որը կհաստատի Ադրբեջանը եւ կընդունի Հայաստանը։ Այդպիսով խնդիրն ամբողջությամբ կլուծվի ու մի կողմ կդրվի»,- եզրափակել է Քալընը: