Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայտարարել է, թե Եվրախորհուրդը բանակցություններ է սկսել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ երկու երկրների միջեւ փոխադարձ վստահություն ստեղծելու համար։
Նա շեշտել է Եվրոպայի դերը չկարգավորված հակամարտություններում՝ ժողովրդավարական անվտանգություն ապահովելու համար, եւ ընդգծել, թե կարեւոր է, որ Եվրոպայի խորհրդի կառույցներն անարգել մուտք ունենան այդ շրջաններ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կողմերի միջեւ հակամարտության կարգավորման համար վստահություն ստեղծելու միջոցները կարեւոր գործոններից են, եւ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, քանի որ երկու երկրները չեն առարկում։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, որ իր դիտարկմամբ՝ Եվրոպայի տարածքում ժողովրդավարությունն անկում է ապրում։ Նա ընդգծել է, որ ԵԽ անդամ երկրների տարածքում գտնվող ցանկացած անձ պաշտպանված պետք է լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներով:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ։ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է։