Ռուսերեն մի արտահայտություն կա՝ вокруг да около։ Հայերեն, կարելի է ասել, չի թարգմանվում կամ բառացի պատճենելու դեպքում ստացվում է «շուրջը եւ մերձ»։
«Вокруг да около»-ի կողքին սովորաբար դրվում է «ходить»՝ գնալ, քայլել բայը։ Մի խոսքով՝ «ходить вокруг да около» նշանակում է մի բան ցանկանալ անել, մի տեղ ուզել հասնել, բայց համապատասխան կամք չունենալ։ Հայերենում սրան իմաստով ամենամոտը «մլուլ տալ»-ն է, որի առաջին բացատրությունը «չնչին բաներով զբաղվել»-ն է, իսկ երրորդը՝ «մի տեղում որոշ դիտավորությամբ թափառել, դեգերել»-ը։
Հիմա կասեք՝ ի՞նչ ես մտել լեզվաբանների «բանջարանոցը», այս օրերին, երբ հազար ու մի խնդիր կա, երբ շուրջն անհանգիստ է, ներսը՝ տարտամ, ո՞ւմ են պետք քո բացատրություններն ու ստուգաբանությունները։
Եվ ճիշտ կասեք։ Ավելի շուտ՝ ճիշտ կասեիք, եթե այսօր տարածված չլիներ ցնցող լուրը՝ ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Вокруг да около»-ի մասին առաջին անգամ հիշել էի 2018 թվականի հունիսի 16-ին, երբ «տուշոնկա-սգուշչոնկա» դարակազմիկ օպերացիայով ձերբակալեցին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։
Այդ օրն ուզում էի հիշել Էջմիածնում ապրող իմ ազգականների, ծանոթների, անծանոթների (հիմնականում տաքսու վարորդներ) պատմությունները նույն գեներալ-լեյտենանտի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից մարդկանց տարատեսակ իրավունքները ոտնահարելու մասին եւ համեմատել դրանք ԱԱԾ-ի տարածած վրեժածին-սրտաճմլիկ տեսարանների հետ։
(…բա էրեխեքի, էրեխեքի նամակները, որոնք այդպես էլ տեղ չէին հասել)։
Մյուս անգամ «вокруг да около»-ն միտս եկավ Սաշիկ Սարգսյանի (3-րդ նախագահի եղբայր) առիթով, մի երրորդ անգամ՝ Սերժ Սարգսյանի դիզվառելիքի գործով, մի չորրորդ դեպքում՝ Աղվան Հովսեփյանի միլիարդների մասին լսելիս։
Դեպքերը շատ են, երկար կարելի է թվարկել, բայց այսօր նպատակս չէ խոսել նրանց դեմ հարուցված մեղադրանքների եւ հասարակության սպասումների անհամապատասխանության մասին։
Այսօր՝ 44-օրյա պատերազմից շուրջ մեկ տարի անց, Հայաստանում կարող էր արդարության տոն լինել, եթե պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվեր ոչ թե ինչ-որ տնտեսական (կոռուպցիոն) թեմայով, այլ հենց «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսը շրջանառության մեջ դնելու համար։
Բայց նույն ավտոզակի մեջ նրա կողքին պետք է լիներ ձերբակալության պատվիրատուն կամ առնվազն հավանություն տվողը։ Ավելին՝ Դավիթը դեռ կարող էր տանը մնալ։ Պատվիրատուն կամ առնվազն հավանություն տվողը քննիչներին պետք է պատմեր, թե ինչու ժամանակին չի սանձել հիմարագույն կարգախոսի հեղինակ մաչո-նախարարին։
Բայց խաղը լավ մտածված ու մշակված է։ Դավիթ Տոնոյանն արդյունավետ կերպով կպաշտպանվի, կապացուցի, որ ամեն ինչ ճիշտ եւ վերեւի համաձայնությամբ է եղել, կազատվի նախնական կալանքից կամ գործի տակը մնացած չնչին զանցանքների համար մի երկու տարի կստանա, որը չի անցկացնի բանտում։
Իսկ մեր գլխին կշարունակի փողփողալ անպատասխանատվության դրոշը «Նոր պատերազմ, նոր տարածքներ» արդեն օրինակարգ (լեգիտիմ) կարգախոսով։ Որովհետեւ եթե հիմարության համար չեն դատում, հիմարությունը դառնում է կյանքի օրենք։
Ահա թե ինչու մտա լեզվաբանների «բանջարանոցը»։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։