Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է վրաց-ադրբեջանական հարաբերությունները եւ տարածաշրջանային փոխակերպման, վերափոխման կարեւորությունը:
«Մենք շոշափել ենք երկկողմ նշանակության, ռազմավարական գործընկերության թեմաները եւ դիտարկել նոր հնարավորություններ մեր համագործակցության հետագա զարգացման համար»,- թվիթերյան գրառմամբ նշել է Ղարիբաշվիլին:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ Ալիեւը Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը իր գոհունակությունն է հայտնել վրաց-ադրբեջանական համագործակցության՝ մասնավորապես երկկողմ առեւտրաշրջանառության աճի կապակցությամբ։
Իրակլի Ղարիբաշվիլին նախքան Բաքու մեկնելը հայտարարել էր, թե նպատակ ունի հաշտեցնելու Ադրբեջանին եւ Հայաստանին։ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում նա հույս էր հայտնել, որ դրական դեր կխաղա սահմանակից երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: