ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ դեսպան Լին Թրեյսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի եւ ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ այսօր Գյումրիում շրջել է ոստիկանության շինություններում, որտեղ շուտով տեղակայվելու է Շիրակի մարզի պարեկային ոստիկանությունը։ «Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել իր աջակցությունն իրավապահ հաստատությունների արդիականացմանը միտված ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգին, որի օգուտները կզգան երկրում բոլորը»,- ընդգծել են դեսպանատանը։
Գյումրիում եւ Ախուրյանում ամերիկյան ֆինանսավորմամբ հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի բացմանը մասնակցող Լին Թրեյսին Գյումրիում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որեւէ հստակություն չկա:
«Կողմերը պետք է դրա պատրաստակամությունն ունենան, եւ այդ պարագայում Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու, նպաստելու հաշտեցման, երկխոսության ջանքերին, բայց կարեւորագույնը, որ կողմերն ունենան այդ ցանկությունը, պատրաստակամությունը: Այս պահին իրավիճակն այդ մասով դեռեւս հստակ չէ: Նաեւ մարդիկ վստահություն պետք է զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ, եւ մեր դիվանագիտական ջանքերը մենք պատրաստ ենք ուղղելու դրան»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նշել է դեսպանը:
Լին Թրեյսին դրական է գնահատել Նյու Յորքում պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպումը։
«Օրերս տեղի ունեցան կառուցողական հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Դրանք մեր գնահատմամբ կառուցողական խոսակցություններ են, եւ մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել, որ ապահովվի Նյու Յորքում սկիզբ առած այդ կառուցողական խոսակցությունների շարունակականությունը: Մինսկի խմբի համար հակամարտության տեւական լուծումը համապարփակ լուծումն է, որը տարածաշրջանի համար խաղաղություն կապահովի»,- ընդգծել է Լին Թրեյսին:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ֆրանսիական France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը դրան չի առարկի: Ալիեւը, սակայն, բացառել է Արցախի ինքնավարության հարցի քննարկումը։ Նա նշել է, թե ինքն այդ առաջարկն արել է տարիներ շարունակ, իսկ այժմ այն «բանակցային սեղանից դուրս է», եւ Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է ընդունեն այդ իրողությունը:
Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի վրա՝ նախազգուշացնելով, թե 2020-ին պատերազմում կորցրած տարածքները հետ գրավելու Երեւանի ցանկացած քայլի Ադրբեջանը բուռն պատասխան է տալու։ «Երկու երկրների միջեւ հակամարտությունը լուծվել է մեկընդմիշտ, եւ նախկին իրավիճակին վերադարձ չի լինելու»,– ասել է Ալիեւը` միաժամանակ հավելելով, որ լրացուցիչ տարածքային պահանջներ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չունի:
Պաշտոնական Երեւանը Ալիեւի հայտարարությանը դեռ չի արձագանքել: