ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Արցախյան վերջին պատերազմի, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետեւանքով ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյի հետ, որն այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի եւ անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին:
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարեւորությունը հակամարտության համապարփակ կարգավորման եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։
Անն Լույոն, որը փոխարինել է Ժոնաթան Լաքոտին, դեսպան է նշանակվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ 2021-ի օգոստոսի 25-ի հրամանագրով։