Հիշո՞ւմ եք՝ ժամանակին ինչպես էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պահում իշխանությունը՝ Ղարաբաղի անունից: Նրանք ասում էին՝ առանց իրենց Ղարաբաղն ուղղակի կկորչի: Ղարաբաղի անունից նրանք նույնիսկ մարտի մեկ արեցին, որովհետեւ, իրենց կարծիքով, նա, ով գալիս էր իրենց փոխարեն, հաստատ մտադիր էր «ծախել Ղարաբաղը»:
Հիմա նույնն ուզում է անել Նիկոլ Փաշինյանը խաղաղության անունից: Նա աջ ու ձախ խոսում է խաղաղությունից: Ու երբեք էլ չի ասելու, որ համենայնդեպս առաջիկա տարիներին Հայաստանից ոչինչ կախված չէ: Հայաստանից կախված էր միայն պատերազմ չհրահրելը:
Այսօր ասում է, որ տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան է բացելու: Ժամանակին, երբ նա խոսում էր տարածաշրջանի անունից («Հայաստանն այսօր տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է». 18.06.2020), տեղի ունեցան հուլիսյան ավանտյուրան եւ արցախյան 44-օրյա պատերազմը: Հիմա չլինելով այլեւս ինչ-որ բանի երաշխավոր՝ նա ուզում է խաղաղության դարաշրջան բացել:
Խաղաղության մասին խոսքուզրույցի մեջ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ։ Խաղաղության պայմանագիրը նաեւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հիմնական ասելիքն է Հայաստանի իշխանություններին: Բայց խնդիրն ամենեւին այն չէ, որ խաղաղությունն իսկապես անհրաժեշտ է տարածաշրջանին, այլ այն, թե ինչեր են այսօր Հայաստանում տեղի ունենում խաղաղության դարաշրջան բացելու անունից:
Կախված է դա Նիկոլից, թե կախված չէ, խաղաղության անհրաժեշտություն իսկապես կա: Բայց Փաշինյանը գիտի, որ միջազգային հանրությունը Հայաստանից հենց միայն դա է սպասում՝ որեւէ կերպ նոր հակամարտության առիթ չտալ: Միջազգային հանրությունը մեր իշխանություններին հասկացնում է՝ հասե՛ք խաղաղության, կապ չունի՝ ինչ գնով. Հայաստանի բոլոր փողոցներում մարդիկ թող իրար ուտեն, մայրը երեխային խորովի, մեկը փողոցում թող սովից մեռնի, բայց թող խաղաղություն լինի։ Թող նույնիսկ միայն Երեւանի մնալու գնով լինի այդ խաղաղությունը, բայց թող լինի:
Նիկոլն ասել է, չէ՞, դարաշրջան եմ բացում: Ու դա այսօր հնչում է այսպես՝ եւ թող միշտ լինեմ ես: Այդպիսի մի հայտնի երգ կար՝ թող լինի միշտ արեւը: Միջազգային հանրությունն ասում է՝ բացի՛ր, ընկե՛ր, այդ դարաշրջանը ու կապ չունի՝ ոնց:
Հիմա նա քրեականացնում է վիրավորանքը, հանրահավաքներ է ճնշում, ներքին ոչ մի ապօրինության բանի տեղ չի դնում կամ անձամբ է հրահանգում անել այդ ապօրինությունը: Աշխարհի համար Հայաստանը հիմա միայն «խաղաղության դարաշրջան բացող» է, մնացած ամեն ինչը սրանով կուտվի, ինչպես ժամանակին Ղարաբաղի անունից էր ուտվում նախկինների արած ցանկացած հանցագործություն:
Դուք նկատե՞լ եք, թե ինչ «խնամքով» են ադրբեջանցիները հայկական կողմին փոխանցում մեր զոհերի մարմինները՝ ամեն օր մեկ մարմին, երկու մարմին, երեք մարմին։ Որպեսզի չմոռանանք այն սարսափը, որ ապրեցինք 44 օր եւ ավարտվեց մեր խայտառակ պարտությամբ: Որպեսզի աչքներիս առաջ լինի այն հնարավոր մղձավանձը, որ մի օր էլ կարող են չփոխանցել: Որպեսզի հիշեցնեն՝ դեռ դիերն ենք այդքան ժլատորեն փոխանցում ձեզ, բա գերիներին ի՜նչ ժլատությամբ ենք փոխանցելու, արագացրե՛ք, կնքե՛ք խաղաղության պայմանագիրը: Ու այստեղ է սկսվում Փաշինյանի՝ իշխանության մեջ հարատեւելու «աստեղային ժամը»:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: