Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի փոխնախագահ Վյաչեսլավ Սմոլենսկին հայտնել է, որ 2021-ի հունվարի 18-ին կորոնավիրուսի դեմ մեկնարկած զանգվածային պատվաստումների ընթացքում հայրենական արտադրության հինգ պատվաստանյութով պատվաստվել է գրեթե 50 միլիոն ռուսաստանցի:
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ Ռուսաստանում գրեթե 47,5 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչը, լիովին պատվաստվել է 41 միլիոն քաղաքացի:
ՌԴ-ում բնակչության համար հասանելի պատվաստանյութերն են առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնում մշակված «Սպուտնիկ V»-ն եւ «Սպուտնիկ Լայթ»-ը։ Լայնորեն կիրառվել են նաեւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» պատվաստանյութերը:
Վերջերս գրանցված «ԷպիՎակԿորոնա-H» պատրաստուկն առայժմ չի կիրառվել։
Ավելի վաղ ամերիկյան աշխարհամասում ԱՀԿ գրասենյակի փոխտնօրենի օգնական Խարբաս Բարբոսան հայտնել էր, որ Ռուսաստանում անցկացված տեսչության ժամանակ հայտնաբերվել են մի շարք արտադրական խախտումներ: Արդյունքում կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի հաստատման գործընթացը սեպտեմբերի կեսին կասեցվել է:
Ռուսաստանը Sputnik V-ի հաստատման համար ԱՀԿ-ին եւ Դեղերի եվրոպական գործակալությանն էր դիմել 2021-ի փետրվարին։