Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, լրագրողների հարցին ի պատասխան, անդրադարձել է Միխեիլ Սաակաշվիլիի` Վրաստան ժամանելու մասին հայտարարությանը։ ԱՄՆ դեսպանը նշել է, որ մտադիր չէ շահարկումներ անել Սաակաշվիլիի մտադրությունների թեմայով, մանավանդ որ շատ մեկնաբանություններ են արվել դրանց մասին, ընդ որում՝ անձամբ Սաակաշվիլին էլ է խոսել:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ դեսպանը հույս է հայտնել, թե բոլորը կհամաձայնեն, որ Վրաստանը ոչ թե քաղաքական անկայունության եւ բռնության, այլ հանգիստ ու խաղաղ միջավայրի կարիք ունի:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսի գալու մասին օրերս հայտարարություն է արել՝ նշելով, թե կպահի խոստումը եւ մինչեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կվերադառնա հայրենիք։ Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կիեւ-Թբիլիսի թռիչքի տոմսը, որից հետո նրա այդ քայլը ինչպես վրաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում բուռն բանավեճերի առիթ է տվել:
Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալիս Սաակաշվիլին, երկքաղաքացիություն ստանալու կարգը խախտելով, ինքնաբերաբար կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը: Սաակաշվիլիի հեռանալուց հետո «Վրացական երազանքի» կառավարությունը նրան մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված մի շարք հանցագործությունների մեջ:
Սաակաշվիլիի այցին «գրկաբաց» սպասում են նաեւ իշխանությունները, մասնավորապես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլիի ժամանելու դեպքում որեւէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ խանգարել փորձողները բանտում կհայտնվեն: